Նշվեց հայ-կազակական միության 16-րդ ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի լրանում է հայ-կազակական կազմակերպության ստեղծման 16-րդ ամյակը: Այդ առթիվ Հայֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին հայ-կազակական միության ղեկավար կազմը, անդամներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին, հայ-կազակական խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանում կազակական շարժման ստեղծման պատմությանը, սկզբնավորմանն ու նվիրյալներին, որոնց շարքերում է նաև Անդրանիկ Օզանյանը: Կարևորեց հայրենիքի սահմանների պաշտպանության գործում միության ունեցած մեծ ավանդը: Մ. Գրիգորյանն առանցքային համարեց Ռուսաստանի հետ ամուր բարեկամություն ունենալու հանգամանքը՝ գնահատելով համատեղ ձեռքբերումները:

Միության հիմնադիր, խորհրդի նախագահի տեղակալ Կարապետ Զադոյանն իր ելույթում ասաց. «Հույս ունենք, որ Հայաստանի իշխանություններն ըստ արժանվույն կգնահատեն այն հասարակական կազմակերպությունների ջանքերը, որոնք աշխատում են հայրենիքի պաշտպանողականությունն ամրապնդելու, երիտասարդությանը ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու, հայրենասիրական նախաձեռնություններ մշակելու և իրագործելու ուղղությամբ:

Կ. Զադոյանը նաև նշեց, որ կարևոր բաղադրիչ է Ռուսաստանի և այլ երկրների կազակական միությունների ու միավորումների հետ ամուր բարեկամական կապեր ձևավորելու գործընթացը: «Այստեղ դեռ շատ բան կա անելու: Բայց լավ, խոստումնալից հիմքեր արդեն հաջողվել է դնել»-հավաստեց գեներալը:

Ելույթ ունեցան նաև կազմակերպության հոգևոր առաջնորդ հայր Տեր Մխիթարը, գեներալներ Սեյրան Չախոյանը, Արսեն Ֆիդանյանը:

Հանդիպմանն ընթերցվեց հայ-կազակական հասարակական կազմակերպության անդամների համատեղ հայտարարությունը, որով նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծին՝ կարևորելով դրանում տեղ գտած հստակ երաշխիքները՝ մարդու իրավունքների պաշպանության և հիմնարար ազատությունների հետևողական իրականացման, հայրենիքի սահմանների ապահովման և բնակչության անվտանգության պետական քաղաքականության սկզբունքների մասին:

Ներկաները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիային̀ ի դեմ տնօրեն Գագիկ Մանասյանի̀ իրենց հանդիպումներին մշտապես սատարելու համար:

Հայ-կազակական բարեկամության և համագործակցության կազմակերություն ստեղծելու գաղափարը ծագել է դեռևս 1992 թվականին, երբ ռուսաստանյան կազակների մի խումբ այցելել է Հայաստան՝ հարգելու իրենց այն նախնիների հիշատակը, ովքեր Ռուսաստանի կայսրության զորքերի կազմում դարեր առաջ կռվել են հայոց հողում:

Կառույցի ստեղծման գործում իր մեծ ներդրումն ունեցավ ՀՀ ՊՆ նախկին աշխատակից, գեներալ Կարապետ Զադոյանը: Նրա ջանքերի շնորհիվ, 1999 թ. ստեղծվեց «Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, որի գործունեության նպատակն էր նպաստել ազգամիջյան կոնֆլիկտների կարգավորմանն ու կանխարգելմանը, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հայկական հողում կազակների պատմական հետքերի՝ եկեղեցիների, մատուռների, գերեզմանների պահպանմանը:




Լրահոս