Սերժ Սարգսյանը կրկին ապացուցեց, որ անգամ ի՛նքն իր խոսքերին լուրջ չի վերաբերվում. այսօր ասում է, վաղը փոշմանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2014 թվականի ապրիլի 10-ին՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակած հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն ասել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդ երկու անգամից ավել իր կյանքի ընթացքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Այս տարվա հուլիսի 17-ին էլ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դրանից մեկ օր առաջ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Սահմանադրության փոխվելուց հետո ինքն ԱԺ նախագահի պաշտոնին եւս չի հավակնում: Բայց կարծես թե Սերժ Սարգսյանը փոշմանել է եւ նախօրեին մի քանի հեռուստալրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր ապագայի մասին՝ ասել է. «Այսօր այդ հարցը իրենից այդքան հետաքրքրություն չի ներկայացնում:

Ես բոլորին եւ ձեզ անձամբ խոստանում եմ 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետեւ այն ժամանակ է որոշվելու: Ես ինչու եմ ասում 17 թվականից հետո, որովհետեւ լրջորեն խոսել վարչապետ դառնալու կամ կառավարություն ձեւավորելու մասին, կարելի է այն ժամանակ, եթե դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպես պետք է վարչապետ աշխատես, ինչպես պիտի վարչապետ դառնաս, չկա այդ հնարավորությունը»:

Երբ լրագրողը հետաքրքրվեց.«Դուք այժմ հրաժարվո՞ւմ եք ձեր խոսքերից», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես իմ խոսքերից հիմնականում չեմ հրաժարվում, լինի դա կենցաղում թե քաղաքականության մեջ: Ես խոստանում եմ ընտրություններից (2017-ի ԱԺ ընտրություններից,- խմբ.) հետո մանրամասն խոսել իմ ծրագրերի մասին»: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը կրկին ապացուցեց, որ անգամ ինքն իր խոսքերին լուրջ չի վերաբերվում. այսօր ասում է, վաղը փոշմանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս