«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում առկա բնակչության թվի մասին պաշտոնական ցուցանիշները խիստ ուռճացված են: Մեր թղթակցի հետ զրույցում այս պնդումն է արել հանրաքվեից առաջ բնակչության «գույքագրում» կատարող թաղային խմբերից մեկի ղեկավարը։
Խոսքն այն խմբերի մասին է, որոնք իշխանության պատվերով ամեն ընտրությունից կամ հանրաքվեից առաջ ընկնում են տնետուն եւ «հաշվառում» բոլոր բնակիչներին ու նաեւ մոտավոր պատկեր կազմում բնակչության տրամադրությունների վերաբերյալ։ Երեւանի Աջափնյակի մի բավականին մեծ հատվածում նման «հաշվառում» անցկացնող խմբի ղեկավարը մեր թղթակցի հետ զրույցում պնդել է, որ «փակ դռների» թիվը աննախադեպ է դարձել։ «Իմ «աշխատողները» շատ լավ գիտեն, թե ովքեր են խոպան գնում, երբ են գալու։ Բայց «հաշվառման» ժամանակ մերոնք պարզել են, որ խոպանից վերադարձածների թիվը շատ ավելի քիչ է, քան սպասվում էր։ Նրանք իրենց հետ տարել են նաեւ ընտանիքի անդամներին»,- ասել է մեր զրուցակիցը։
Վերջինիս մոտավոր գնահատականով՝ սպասվող 100 վերադարձողներից 25-30-ը մինչ օրս չի վերադարձել ու դժվար էլ վերադառնան, որովհետեւ «խոպանի» սեզոնը վաղուց ավարտվել է:
Նշենք, որ այսպիսի խմբերի աշխատանքը շատ նման է մարդահամարի ու սոցիալ-ժողովրդագրական ճշգրիտ պատկեր է արձանագրում։ Այդ պատկերը, սակայն, որեւէ դեպքում չի հրապարակվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: