ԴԱՏԱՐԱՆԸ ՉԼՍԵՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պռոշյանցին պռոշյանցուն չի սպանի, հանցագործը պռոշյանցի չէ, գտե՛ք իրական մարդասպաններին, հանցագործին թելադրում են վերեւից, մենք չենք լռելու: Ար-դա-րու-թյո՛ւն, ար-դա-րու-թյո՛ւն»,-ահա այսպիսի վանկարկումներով երեկ ուղեկցվեց Պռոշյան գյուղի բնակիչների բողոքի ակցիան` ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետարանի դիմաց գնդակահարվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Ապրիլի 4-ին գյուղապետի սպանության գործով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ՝ եղբայրներ 33-ամյա Արտակ եւ 31-ամյա Արայիկ Պետրոսյանները: Ապրիլի 5-ին եղբայրներից Արտակն ազատ արձակվեց, սակայն 10 օր անց գիշերը նրան հերթական անգամ ձերբակալեցին, այս անգամ խուլիգանության համար:
Եվ այսպես, ի՞նչ կատարվեց երեկ Պռոշյանում: Իրավիճակը բավական լարված էր: Սկզբում գյուղացիները հավաքվեցին Պռոշյանի կենտրոնական փողոցում եւ ցանկացան փակել Երեւան-Պռոշյան ավտոճանապարհը: Վերջիններս անգամ պատրաստ էին դուրս գալ ավտոճանապարհով անցնող մեքենաների առջեւ, իսկ թե ինչ կլիներ իրենց հետ, նրանց համար  միեւնույն էր. «Թող մեզ գցեն տակը, ինչ ուզում են՝ անեն, մենք մեր ձայնը պետք է լսելի դարձնենք, այսպես շարունակել հնարավոր չէ, անմեղ տղաների են կալանավորել, նրանց ընտանիքները 17 օր է՝ կորցրել են իրենց հանգիստը, մենք չենք լռելու»:
Չնայած համագյուղացիների ընդվզմանը՝ ոստիկանության աշխատակիցները փորձեցին հանգստացնել հավաքվածներին եւ նրանց հետ պահել ճանապարհը փակելու մտքից: «Մենք շատ ենք ցավում մեր գյուղապետի ընտանիքի համար, 4 երեխաներ մնացին անտեր, բայց չի կարելի թույլ տալ, որ անմեղները գնան, մեղավորների փոխարեն նստեն բանտում, հանցագործն իրենց մեջ է, այս ամենը սարքած գործ է, ար-դա-րու-թյո՛ւն»,-վանկարկում էին համագյուղացիները:
Նկատեցինք, որ ակտիվ վանկարկումներ անողներն ու ոստիկանների հետ բանավիճողները  հիմնականում գյուղի կանայք էին, իսկ տղամարդիկ ավելի շատ լռում էին: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են լռում եւ ինչու չեն միանում կանանց բողոքներին, պարզաբանեցին. «Ի՞նչ անենք, մենք հենց ակտիվ խոսենք, մեզ էլ կբռնեն կտանեն: Հույս ունենք, որ կանանց չեն տանի»:
Ինչեւէ, բողոքի ակցիայի մասնակիցներին չհաջողվեց փակել ավտոճանապարհը. նրանք լսեցին ոստիկաններին: Սակայն չենթարկվեցին ոստիկանության մյուս հորդորներին` գնալ տուն եւ սպասել դատարանի որոշմանը: Գյուղացիները մարտական էին տրամադրված ու նստեցին մեքենաները եւ ուղեւորվեցին Երեւան` ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ ժամը 16:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ դռնփակ նիստում պետք է որոշվեր, թե արդյոք փոփոխության կենթարկվի  գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:
Եվ մինչ դատարանը կհրապարակեր իր որոշումը, «Ժողովուրդ»-ը զրուցեց Արայիկի հոր՝ Արշալույս Պետրոսյանի հետ: «Իմ տղաները պետք է ազատ արձակվեն, նրանք անմեղ են: Չգիտեմ, թե ում ձեռքի գործն է սա, թող գնան, պարզեն ու գտնեն մեղավորին: Մինչեւ վերջ  պայքարելու ենք, դիմելու ենք անգամ Եվրադատարան, պռոշյանցիներն այս հարցն այսպես չեն թողնի»,-նշեց նա:
Վերջինս պատմեց, որ ինքը ներկա է եղել Հրաչ Մուրադյանի ինքնահողին. «Գյուղապետի հարազատները լավ գիտեն, որ դա չի կարող լինել Արայիկը, ու որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ»:
Արայիկի կինը եւս մեզ հետ զրույցում արցունքակալած աչքերով նշեց, թե պատրաստ է ներկայացնել ապացույցներ, որ ամուսինն այս ամենի հետ կապ չունի. «Սա վերեւների սարքած գործն է: Արայիկն անգամ հավ չի կարող մորթել, նա ո՞նց կարող է մարդ սպանել: Այսպես են անում, որ մարդիկ լքում են երկիրը»:
Հավելենք, որ 31-ամյա Արայիկն անգամ չի հասցրել գրկել-սիրել իր նորածին երեխային. նա կալանքի տակ է եւ գտնվում է ԱԱԾ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: «Մենք չենք հեռանալու ու չենք լռելու: Այստեղից կբերենք մեր երեխաներին, 10 օրական երեխային կնստեցնենք դատարանի առաջ ու կպայքարենք մինչեւ վերջ»,-հուզված նշեց Արայիկի հարեւանուհիներից Գայանե Հակոբյանը:
Մինչ պռոշյանցիները դատարանի առջեւ արդարության համար կռիվ էին տալիս, ավելի ուշ՝ ժամը 18:45-ի սահմաններում, հայտնի դարձավ, որ դատավոր Արմեն Դանիելյանը Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշումը չի փոխել: Այսինքն՝ բնակիչների խոսքը տեղ չհասավ:
Վերջում հիշեցնենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված, դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ եւ ձախ թեւքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս