Եթե հանրաքվեի արդյունքում լինի «այո», ապա մենք շատ անելիք ունենք. Կարինե Աճեմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Այո»-ի քարոզարշավի ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ անկախ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից՝ դեկտեմբերի 7-ին ՀՀԿ-ն շատ անելիքներ ունի:

-Տիկի՛ն Աճեմյան, արդեն մի քանի օր է՝ Ազատության հրապարակում են հավաքվել տարբեր քաղաքական ուժեր ու իշխանություններից պահանջում են չեղարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ինչպե՞ս են այդ պահանջին վերաբերում իշխանությունները, հնարավո՞ր է` ընդառաջեք այդ պահանջին:

-Այս քարոզարշավի ընթացքում կարմիր գծի նման այդ միտքը հնչել է, եթե ուզում եք տեղ ունենալ Ազգային ժողովում, այսինքն՝ այն կարեւորագույն հարթակում, որտեղ տեղի են ունենում քաղաքական գործընթացները, ապա պետք է պայքարեք դրա համար, բայց դա չանեք անընդհատ փնովելով, վատաբանելով ու ցեխ շպրտելով: Այս փոփոխությունը մեծ հնարավորություն է հենց ընդդիմադիր ուժերի համար, որպեսզի կարողանան իրենց դրսեւորել քաղաքական դաշտում, որպեսզի կարողանան որոշումների կայացման հարցում դերակատարություն ունենալ: Մենք մեր գործն ենք արել, քարոզարշավի ժամանակ այո-ն եւ ոչ-ը հավասարապես ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հանրաքվեին մի քանի օր է մնացել, ու ժողովուրդն արդեն իր տեսակետը կհայտնի, դա արդեն որոշված իրողություն է, չեղարկել ոչ ոք ո՛չ կարող է եւ ո՛չ էլ մտադրություն ունի:

-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է երկու օր, սակայն հանրության շրջանում շարունակում են գերիշխել անտեղյակությունն ու անտարբերությունը: Ժողովուրդը չի կարողանում հասկանալ, թե ինչու պետք է ասի այո կամ ոչ: Այս ամենը հիմքում ունենալով՝ ի՞նչ արդյունքներ եք կանխատեսում:

-Անկեղծ ասեմ, իմ միակ վերապահումն այն է, որ սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը պետք է արվի միայն ԱԺ-ում, որովհետեւ, այնուամենայնիվ, դա իրավական փաստաթուղթ է, մայր օրենք է, բայց քանի որ նախորդ Սահմանադրությամբ դա պետք է իրականացվի հանրաքվեով, ապա մենք դա ուրիշ ձեւով չէինք կարող իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա կարծում եմ, որ այն շատ արդյունավետ եղավ, որովհետեւ իմ անձնական տպավորությունն այն է, որ բնակչության մեծամասնությունը իրազեկվեց, դա վկայում է այն փաստը, որ իրենք ե՛ւ հարցադրումներ էին անում մեզ, ե՛ւ շատ ուշադրությամբ հետեւում էին այն ամենին, ինչ իրականացվում էր՝ փորձելով հստակեցնել, թե ինչու են արվում այս փոփոխությունները: Համոզված եմ, որ համարյա անտարբերներ, անտեղյակներ չմնացին:

-Եթե հանրաքվեն տապալվի դեկտեմեբրի 7-ին, ի՞նչ է անելու ՀՀԿ-ն: Եւ հակառակը` եթե այո-ն հաղթի, ինչպե՞ս եք Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին համոզելու տուն գնալ:

-Դեկտեմբերի 7-ին մենք շարունակելու ենք մեր առօրյան, մեր աշխատանքը, մեր խորհրդարանական նիստերը: Մենք աշխատելու ենք, եթե հանրաքվեի արդյունքում լինի այո, ապա մենք շատ անելիք ունենք, մենք ընտրական օրենսգրքի վրա պետք է աշխատենք մինչեւ մայիս ու փոփոխություններ իրականացնենք, այդ բոլոր իրավական հիմքերը պետք է ստեղծենք, որպեսզի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կարողանանք իրականացնել: Այսինքն՝ մենք հանրաքվեով չենք ավարտում մեր աշխատանքները, անելիքները շատ են: Ես, պարզապես, այդպես ոչ կառուցողական մոտեցումները, հակասահմանադրական կոչերը համարում եմ շատ վտանգավոր այն առումով, որ դրանք պարզապես անթույլատրելի են: Էլի եմ կրկնում՝ իրենք ուզում են որոշակի դերակատարություն ունենալ ՀՀ քաղաքական կյանքում, բայց շատ հասկանալի է դառնում, որ իրենց հետեւից արդեն գնացողներ չկան: Ու, առհասարակ, ժողովրդին թունավորելով՝ անընդհատ բացասական տրամադրություններ հաղորդելը անընդունելի է:

-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին տված հարցազրույցից հասկանալի դարձավ, որ նա կրկին խաբել է ժողովրդին՝ հայտարարելով, թե չի հավակնի որեւէ պաշտոնի, մինչդեռ հիմա նա ասաց, որ 2017 թվականին նոր կհայտնի իր ծրագրերի մասին: Ինչո՞ւ է կրկին Ս. Սարգսյանը խաբում ժողովրդին:

-Շատ ափսոսում եմ, որ ուշադիր չեք լսել նախագահի հարցազրույցը, ինքս, անկեղծ ասեմ, տպավորված եմ այն առումով, որ որեւէ հարց բաց չթողնվեց, ու ես կարծում եմ, որ ՀՀ նախագահն այնքան անկեղծ է եղել, որ նրան ինչ-որ մի բանի մեջ մեղադրելը առնվազն ազնիվ չէ: Ես կարծում եմ, որ նա չափազանց անկեղծ էր, մտահոգ երկրի ապագայի համար: Կխնդրեի մյուս քաղաքական ուժերին չխառնվել մեր կուսակցության գործունեությանը, աշխատանքներին, մենք կարողանում ենք մեր կուսակցությունով որոշումներ կայացնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս