ՀՀ Շիրակի մարզի Բասեն գյուղում դեկտեմբերի 6-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Համլետ Պետրոսյանը եւ անկուսակցական Սեւակ Սաֆարյանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Բասենի գործող գյուղապետ Համլետ Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, գյուղում նախընտրական մթնոլորտը լարվա՞ծ է:
-Ես իմ գյուղացուն ինչո՞ւ լարվածության մեջ գցեմ: Չէ՞ որ վերջնական որոշումը ժողովուրդինն է: Ես երեկ նախընտրական քարոզս ավարտեցի, եւ բնակիչները, չնայած եղանակային վատ պայմաններին, մասնակցեցին, մի մարդու պես հավաքվել էին:
-Նախընտրական քարոզարշավին ի՞նչ խոստացաք բասենցիներին:
-Ոչ մի բան չեմ խոստացել. ես ութը տարի է՝ համայնքի ղեկավար եմ, բայց երբեւէ խոստումներ չեմ տվել:
-Առաջադրված մյուս թեկնածուի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Ես ոչ մեկի հետ խռով չեմ, ոչ ոքի հետ խնդիր չունեմ: Մարդիկ կան, ովքեր շահագրգռված են, որ ընտրությունները լարված անցնեն: Բայց դա իմ ոճը չէ: Չեմ ուզում այդ մասին խոսել:
-Դուք ՀՀԿ-ական եք եւ առաջադրվել եք կուսակցության կողմից:
-Մեր գյուղում կուսակցությունով ընտրել չկա: Ես ՀՀԿ-ական եմ, բայց գյուղացին ընտրությանը մասնակցելիս չի նայում, թե Սամվելի տղեն ՀՀԿ-ական է, որ ընտրի: Ոչ: Իմ հորն են ճանաչում. հերս մահացած է, բայց հորս ճանաչելով են ինձ ընտրում: Գյուղերում ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ չկաա…, չի անցնում: Ու ինձ միշտ ընտրել են՝ իմ ծնողներին հարգելով:
-Դեկտեմբերի 6-ին, Բասենում կանցկացվի նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն…
-Ես ամենայն անկեղծությամբ կասեմ, որ մարդիկ իրազեկված չեն սահմանադրական փոփոխություններից, հանրաքվեից: Անընդհատ մոտենում են, հարցեր տալիս, ես էլ, որքան հասկացել եմ, նույնն էլ իրենց եմ փոխանցում: Բայց միեւնույն է՝ մայր օրենքը փոխելով՝ երկրի վիճակը չի լավանա: Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր երկրի տնտեսական, նյութական վիճակը կապված է դրսի հետ:
-Այնուամենայնիվ, բասենցիները այո՞ են քվեարկելու, թե՞ ոչ:
-Ձեր կարծիքով՝ գյուղացին բանուգործ չունի, պետք է նստի Սահմանադրություն քննարկի՞: Գյուղացուն ընդհանրապես դա չի հետաքրքրում, իսկ ում էլ, որ հետաքրքրում է, կգա ու այդ օրը կքվեարկի: Գյուղի մեծ մասը այս հարցում պասիվ է: Ախր, մայր օրենքը բրոշյուր չէ, որ կարդանք ու ամեն ինչ պարզ դառնա: Կան բազմաթիվ ենթակետեր, որոնք մարդիկ չեն կարողանում հասկանալ, դրա համար էլ պասիվ են:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ