«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավար Արայիկ Հարությունյանը, Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայաստանյան հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցին, նշեց, որ Սերժ Սարգսյանն անձամբ ապացուցեց, որ գործող սահմանադրությունում որևէ խնդիր գոյություն չունի:
«Այն հակասությունները, որ կային Սերժ Սարգսյանի խոսքի մեջ, վկայում են, որ այս սահմանադրական փոփոխություններն իրականացնում են այն բանի համար, որ Հանրապետական կուսակցության և անձամբ Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ավելի հեշտացնեն: Բացի այդ, նրա կողմից բերված յուրաքանչյուր օրինակ չի դիմանում քննադատությանը: Իսկ այդ օրինակների գերակշիռ մեծամասնությունում մատնացույց արված խնդիրները պայմանավորված են գոյություն ունեցող ավտորիտար կառավարմամբ, այլ ոչ թե Սահմանադրության անկատարությամբ»,-ասաց Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` Սերժ Սարգսյանի խոսքի մեջ բազմաթիվ հակասություններ կարելի է նկատել: «Էլ չեմ ասում նրա այն պնդման մասին, թե նոր Սահմանադրությամբ ավելանում են ընդդիմության հնարավորությունները: Եթե այս պնդումը հնչեր հանրապետական մեկ այլ անդամի շուրթերից, դեռ կարելի էր քննարկել: Սակայն այս պնդումն անում է Սերժ Սարգսյանը, ով 1990-ականներին լինելով իշխանության մեջ և ընտրությունները կեղծելով` անընդհատ սահմանափակել է ընդդիմության հնարավորությունները»,-հավելեց նա:
Հարությունյանի դիտարկմամբ` տարօրինակ էր նաև հարցազրույցի ձևաչափը: «Հաշվի առնելով այլ երկրների փորձը` շատ տարօրինակ էր այս ձեւաչափը , որ մոնտաժված հարցազրույցը սկսում են տարածել մեկ օր հետո, այն դեպքում երբ ներկայացված էին տասնյակ հեռուստատեսության լրագրողներ»:
Վերջինիս պնդմամբ, եթե Սերժ Սարգսյանը խնդիր չունենար իր տեսակետներն արտահայտելու հետ, ապա պետք է հարցազրույցին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող այլ լրատվամիջոցներ և լրագրողներ ևս ներկա գտնվեին: «Բացի այդ, հարցազրույցը պետք է հեռարձակվեր ուղիղ եթերով: Այդ ժամանակ լրագրողները կարող էին հենց տեղում մատնանշել հակասությունները»,-իր խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավարը: