ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԻՐ ՏԵՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նոր կազմում Սերգո Կարապետյանը լինելու է: Ինչպես ասում են, մարդն իր տեղն արդեն ապահովել է: Ու նրա հարցում ոչ թե դեր է խաղացել այն, որ ՕԵԿ քվոտայով է նախարար դարձել, այլ այն, որ արդեն տեղ է գրավել երկրի օլիգարխների շարքում եւ հնարավորինս  սերտացրել  հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ:
Ս. Կարապետյանը Տիգրան Սարգսյանի մտերիմներից չէ, նրա հավանած նախարարներից չէ, ասում են՝ Կարապետյանն էլ տարբեր շրջանակներում է հայտնել, որ չի ճանաչում վարչապետի իշխանությունը եւ հաշվետու է միայն Ս. Սարգսյանին: Սակայն նախարար-վարչապետ ջերմ հարաբերությունների բացակայությունը չի խանգարում, որ ամենատարեց նախարարը, որն արդեն 65 տարեկան է, շարունակի իր պաշտոնավարումը:
Հետաքրքիր կենսագրություն ունի Ս. Կարապետյանը, ուսանելի` բանվորագյուղացիական պետության փորձն ուսումնասիրողների համար: 1965-ից աշխատել է. սեզոնային բանվոր, որակի հսկիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ առաքման գծով, տեխնիկայի անվտանգության գծով ինժեներ, գործարանի գլխավոր էներգետիկ: 24 տարեկանում, ինչպես նշված է նրա կենսագրության մեջ, առանց բարձրագույն կրթության նշանակվել է Արտաշատի պահածոների գործարանի գլխավոր ինժեներ… Եթե այս կենսագրական տվյալները վերաբերեին 1920-30-ական թվականներին, մի կերպ կհավատայինք, քանի որ երկիրը թաղված էր անգրագիտության մեջ, չկային բարձրագույն կրթությամբ մասնագետներ: Սակայն 1970-ականներին մայրաքաղաքին կպած շրջանում ընդամենը 24 տարեկան տղան՝ առանց կրթության, դառնում է գլխավոր ինժեներ…  
Իհարկե, դրանից հետո ընդունվում եւ ավարտում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հեռակա բաժինը եւ նշանակվում նույն գործարանի գլխավոր տնօրեն: Ուղիղ 10 տարի՝ անգամ անկախության հռչակումից հետո, Ս. Կարապետյանը գլխավորում է «Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունը»: 1996-2011թթ. դառնում է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ նախագահ, գլխավոր տնօրեն, իսկ ահա 2010-ի դեկտեմբերից՝ գյուղնախարար…
Երջանիկ ճակատագիր է բաժին ընկել Ս. Կարապետյանին: Այնքա~ն երջանիկ, որ անգամ խախտելով ԲԲԸ մասին օրենքը՝ եղել է ե՛ւ խորհրդի նախագահ, ե՛ւ տնօրեն: Այսինքն՝ ինքն իրեն է հաշվետու եղել, ինքն իր վերադասը:
Գյուղնախարարի պաշտոնում Ս. Կարապետյանը մի այնպիսի նորամուծություն արեց, որ դրա համար նրան կարելի է գրանցել Գիննեսի ռեկորդների գրքում: Խոսքը արտերի օրհնության մասին է: Արտերն օրհնվեցին, աղոթքի բառերը կախվեցին դաշտերի վրա, բայց հենց այդ տարում երաշտ եղավ… Ուրեմն Կարապետյանն իր քայլերը չէր համաձայնեցրել Երկնավորի հետ, եւ «վերեւում» չէին ընդունել նրա նորամուծությունը: Տեսնելով, որ երկինքն իրեն հուսախաբ արեց՝ 2011-ին էլ հայտարարեց, որ անցնելու է կոոպերացիայի գաղափարին: «Մեր հողակտորները շատ մասնատված են: Մենք առաջարկում ենք կոոպերացիաներ ստեղծել ոչ թե միավորելով իրենց սեփականությունը, այլ միավորվելով համատեղ աշխատանք կատարելու եւ իրենց առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»,-հայտարարել էր նա` նշելով, որ ձենամուխ է լինելու համապատասխան հայեցակարգի մշակմանը: Հայտնի է, որ ցանկացած հայեցակարգի մշակում լրացուցիչ գումարների ներհոսք է խոստանում, փորձագիտական հոնորարներ, խորհրդատվական վճարներ:  Այսինքն՝ սրանք էլ յուրատեսակ «ատկատներ» են, որոնք իրենց տեղն ունեն գյուղնախարարության ֆինանսական գործունեության մեջ… Սակայն այդ հայեցակարգն այդպես էլ չմշակվեց եւ կյանքի չկոչվեց:
Իր հարցազրույցներից մեկում, խոսելով հատկապես սահմանային գյուղերում ապրող երիտասարդության մասին, Ս. Կարապետյանն ասել է. «Հատկապես սահմանային գյուղերում երիտասարդությունը գնալով քչանում է, եւ դրա պատճառներից մեկն այն է, որ այնտեղ ժամանցի կազմակերպման համապատասխան պայմաններ չկան: Այսօր ոչ մի երիտասարդ ցանկություն չունի գոմ մտնել, դրա համար պայմաններ են անհրաժեշտ: Զարգացած երկրներում էլ են նույն գործը կատարում, սակայն աշխատանքի նորմալ պայմաններ կան»: Այս տողերը կարդացողը կխանդավառվի նախարարի պաշտոնակատարով, կասի, որ նա մտահոգված է, սիրտը ցավում է, սակայն իրականում գյուղատնտեսության արդիականացման համար ոչ մի քայլ չի կատարվել եւ տեսանելի ապագայում դժվար էլ  կատարվի:
Մի առիթով Ս. Կարապետյանն ասել է, թե գյուղատնտեսության մեջ օլիգարխներ չկան: Կարծես թե ճիշտ է ասել, բացի, իհարկե, իրենից: Նա «Արտֆուդ»-ի սեփականատերերից մեկն է, իսկ հատկապես նախարար դառնալուց հետո ամեն ինչ արել է, որպեսզի մեր շուկան ողողվի այս ընկերության ոչ բարձրակարգ ապրանքներով, ջրախառն այծի կաթով, որի դեմ հնչած բողոքներին ոչ ոք չի արձագանքում: Ընկերությունը գտնվում է արտոնյալ վիճակում, որովհետեւ Կարապետյանի հետ համասեփականատեր է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Ու երկուսով այստեղ ճորտատիրական կարգեր են հաստատել: 2012-ին այդ «կարգերի» մի ապացույց է բացահայտվել, ինչին անդրադարձել է Hetq.am-ը. «Պարզվում է՝ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին եւ գյուղնախարար Ս. Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» գործարանում աշխատակիցների հետ վարվում են այնպես, ինչպես Նեմեցին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում են վարվում այցելուների հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ կիրակի օրը հիշյալ գործարանում տոմատի արտադրամասի պետ Վարդան Վարդանյանը ծեծի է ենթարկել Արամ անունով մի աշխատակցի: Վիճաբանությունը սկսվել է մի պրիմիտիվ պատճառով: Արամն աշխատում է արտադրամասում որպես բանվոր: Ըստ Արտաշատում տարածված լուրերի՝ երեկոյան ժամերին նա ստիպված է եղել մի մեծ տակառ մենակ տեղափոխել: Տեսնելով, որ չի կարողանում մենակ անել, համարձակվել է մոտենալ ու շեֆին հարցնել՝ մարդ չկա՞, որ ինձ օգնի: Աղան էլ «զայրացել» է, թե ինչու է իրեն «ոչ ճիշտ» հարցով դիմում, իր ի՞նչ գործն է՝ մարդ կա, չկա: Իր աշխատանքն է, պիտի անի»:
Ս. Կարապետյանն օրավուր հարստանում է նաեւ այծի անորակ կաթից ստացվող եկամուտներով, իսկ նրա եկամուտները բավական տպավորիչ են. 2011թ. ունեցել է միայն 3 մլն 52 հազ. 468 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է, սակայն նրա հաշվին եղել է 168 մլն 700 հազ. դրամ, 85 հազ. 600 դոլար, ինչպես նաեւ 78 հազ. 500 եվրո: Իհարկե, սա «երեւացող» մասն է, իսկ «չերեւացողը» պետք է փնտրել նրա ընտանիքի անդամների մոտ: Այսպես, նախարարի տիկնոջ՝ Նվարդ Հովակիմյանի 2011թ. եկամուտները կազմել են ընդամենը 980 հազ. 511 դրամ, բայց նրա հաշվին եղել է 15 մլն դրամ եւ 32 հազ. դոլար: Թեեւ եթե Կարապետյանի ողջ ունեցվածքն այսքանը լիներ, կարելի էր նրան մեր իշխանական բուրգի ամենաաղքատներից մեկը համարել:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս