ՆՈՐ ՀԷԿ-Ը
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում՝ Օրգովի կիրճում, նոր փոքր հէկ կառուցելու շուրջ հասարակական լսումների ավարտից հետո գյուղի բնակչությունը դուրս է եկել բողոքի ակցիայի: Բնապահպան Ապրես Զոհրաբյանը հաղորդել է. «Գյուղի բնակչությունը կտրուկ դեմ է արտահայտվել ծրագրին, քանի որ վտանգվում է իրենց հողատարածությունները ջրով ապահովելու հարցը: Գյուղում մեկ փոքր հէկ կա, հիմա էլ երկրորդն են ուզում կառուցել: Ամբողջ գյուղը ոտքով հասել է ձոր, հիմա այնտեղ մոտ հազար մարդ կա»: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգահարած քաղաքացիները նշել են, որ իրենց տեղեկություններով՝ հէկ-ի սեփականատերը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է եւ մի պարսկահայ:
ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ
Նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ Շիրակի մարզպետարանի դահլիճում երեկ տեղի է ունեցել առաջին մարզխորհրդի նիստը: «Առավոտ»-ի ներկայացմամբ` նիստին մասնակցող գյուղապետերի մեծ մասը երեկ եղել է առանց փողկապների եւ չսափրված: Մինչդեռ Աշոտ Գիզիրյանի՝ մարզպետ դառնալուն պես նրա առաջին պահանջն այն էր եղել, որ բոլոր գյուղապետերը լինեին «գալստուկով ու թրաշված»:
«ՈՒՐՎԱԿԱՆԻՆ» ԲՌՆԵՑԻՆ
Երեկ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն Օշական գյուղի տարածքից Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել «Կարբիի ուրվականին»: Պարզվել է, որ վերջին օրերին Կարբի գյուղը սարսափի մեջ պահող «ուրվականը» Արագածոտնի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանն է: