ԱՉԱՋՐԻ ԳՈՂԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Արմեն եւ Կարապետ Բալասյանները,   նախնական  համաձայնության գալով համագյուղացի անչափահաս, 1995թ. ծնված Վազգեն Աթաբեկյանի հետ, 2012թ. նոյեմբերի 10-ի գիշերվա ժամը 2-անց 30-ի սահմաններում պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Աչաջուր գյուղի բնակիչ Կոլյա Ալիխանյանին պատկանող սեփական տուն եւ գողացել «Պանասոնիկ» ֆիրմայի արտադրության 2 հեռուստացույց, փոշեկուլ եւ արդուկ: Այնուհետեւ դռները կոտրելու միջոցով նրանք մուտք են գործել այդ տան նկուղ եւ գողացել բենզասղոց, օղու թորման սարք եւ 2 էլեկտրական հաստոցներ՝ Կ. Ալիխանյանին պատճառելով ընդհանուր առմամբ  435 հազար դրամի նյութական վնաս:
Անչափահաս Վ. Աթաբեկյանը միայնակ նաեւ մի քանի այլ գողություններ էլ է կատարել: Համագյուղացի Վահան Օհանյանի տան առաջին հարկի ջարդված պատուհանով մուտք է գործել նրա տուն եւ գողացել 2 պղնձյա կաթսա՝ պատճառելով 50 հազար դրամի նյութական վնաս: Աթաբեկյանը նաեւ 2012թ. օգոստոսի վերջին մուտք է գործել համագյուղացի Աստղիկ Գասպարյանի տան հետնամասում գտնվող նկուղ եւ այնտեղից գողացել 22 լ օղով լի ապակյա տարա՝ պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:  
Արմեն  Բալասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որ կատարվել է ապօրինի մուտք գործելով) եւ 165-րդ հոդվածի 4-րդ մասով (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը), Կարապետ  Բալասյանին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, Վ.  Աթաբեկյանին՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողություն, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Արմեն եւ Կարապետ Բալասյանների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Վազգեն Աթաբեկյանի հանդեպ՝ չափահասի հսկողությանը հանձնելը: Այս գործով դատավարության ընթացքում Արմեն եւ Կարապետ Բալասյաններն իրենց մեղավոր են համարել կատարված արարքի համար, զղջացել, թեեւ հրաժարվել են ցուցմունք տալուց:  
Աչաջրի դպրոցի ուսուցիչ Սամվել Ղալթախչյանը դատարանում ասել է, որ Վ. Աթաբեկյանը դպրոցում աչքի չի ընկել բարձր առաջադիմությամբ, սակայն եղել է համեստ, օրինակելի պահվածքով աշակերտ: Ուսուցիչը կարծիք է հայտնել, թե Վ. Աթաբեկյանը գողությունները կատարել է նյութական կարիքից դրդված:
Ապրիլի 9-ին դատարանը վճռել է` Ա. Բալասյանին դատապարտել 5,6 տարվա ազատազրկման, Կ. Բալասյանին՝ 4, իսկ Վ. Աթաբեկյանին՝ 4,6 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է ՀՀ քր. օր.-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ Կ. Բալասյանի եւ Վ. Աթաբեկյանի պատիժը պայմանականորեն չկիրառել՝ Կ. Բալասյանի դեպքում սահմանել 4, իսկ Վ. Աթաբեկյանի դեպքում՝ 5 տարի փորձաշրջան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս