Թերեւս Տավուշը հանրապետության միակ մարզն է, որտեղ սոցիալական տարբեր խմբերի անդամները ատամի պրոթեզներ տեղադրելու հնարավորություն չունեն: Նշենք, որ կարիքավոր ճանաչված սոցիալական տարբեր խմբերի անդամներին պետությունն այդ ծառայությունը մատուցում է անվճար: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն ասաց, որ մարզի որեւէ ատամնաբուժական կլինիկա պետության հետ այդ ծառայության մատուցման պայմանագիր չի կարող կնքել, քանի որ դրա համար համապատասխան սերտիֆիկատ չունի: Նման սերտիֆիկատ ունի միայն Իջեւանի ատամնաբուժական կլինիկան, որը, սակայն, հրաժարվում է պետության հետ այդ նպատակով պայմանագիր կնքել: Այդ կլինիկան պետական ձեռնարկություն էր, որը մասնավորեցվեց 2010թ. վերջին: Կլինիկան սեփականաշնորհելու ժամանակ պետական ատյանները պետք է մտածեին հիշյալ խնդրի մասին, սակայն չեն արել: Արդյունքում՝ սոցիալական տարբեր խմբերի պատկանող տավուշցիները ստիպված են լրացուցիչ ծախսեր կատարել եւ ատամների պրոթեզներ տեղադրելու համար մեկնել Երեւան, Վանաձոր եւ այլն:
ՊՐՈԹԵԶԱՐԱՆ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ