Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովն առաջարկել է 2016թ. հունվարի 1-ից «իրական և բավականին կոշտ վիզային վերահսկողություն», վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ, փոխանցում է Rosbalt.ru-ն:
Տուրչինովի խոսքով՝ այս հարցով զբաղվում է կառավարությունը և, մասնավորապես, արտաքին գործերի նախարարությունը:
«Դեռևս 2014թ. որոշում է ընդունվել ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին: Այս խնդրի առաջին փուլն արդեն իրականացվել է: Ուկրաինայի տարածք ՌԴ քաղաքացին կարող է ներթափանցել միայն օտարերկրյա անձնագրով: Սակայն համոզված եմ, որ նոր տարուց մենք իրական և կոշտ վիզային վերահսկողություն կսահմանենք: Շատ ուկրաինացիներ կան ՌԴ-ում, և սա պատճառներից մեկն է, որ կառավարությունը չի արագացնում վիզային ռեժիմը, մենք հասկանում ենք, որ անմիջապես պատասխան գործողություններ կիրականացվեն ՌԴ-ի կողմից»,-ասել է Տուրչինովը:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի սահմանման՝ Կիևի մտադրության մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան