Դեռեւս նախորդ տարվա վերջին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտարարել էր, որ «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում: Մրցանակաբաշխությունը, սակայն, այդ օրը տեղի չունեցավ:
«Հայակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացրել է, մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հիշյալ փոփոխությունը, ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների, պայմանավորված է զուտ տեխնիկական խնդիրներով. Ալ. Սպենդիարյանի ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի վերանորոգման աշխատանքները չեն ավարտվել:
«Ժողովուրդ»-ը դիմեց Գեւորգ Գեւորգյանին` ճշտելու, թե ապրիլի 28-ին արդյոք կայանալու է մրցանակաբաշխությունը: Բացի այդ, իրո՞ք հետաձգման պատճառը թատրոնի վերանորոգման աշխատանքներն էին:
«Այո՛, հանդիսավոր արարողությունը կայանալու է ապրիլի 28-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նախօրոք որոշել էինք հանդիսավոր արարողությունն անցկացնել Օպերայի դահլիճում, բայց… Մինչեւ վերջերս էլ հույս ունեինք, որ կարելի է այնտեղ անցկացնել, սակայն վերանորոգման որոշ աշխատանքներ դեռեւս ավարտված չեն: Բացի այդ, նույնիսկ եթե այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված լինեին, տեխնիկական այլ խնդիրներկարող էին ծագել: Բանն այն է, որ Ալ. Սպենդիարյանի ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը վերազինվել է բոլորովին նոր տեխնիկայով, եւ դրանց ծանոթանալու, փորձարկելու, շահագործելու համար որոշակի ժամանակ կպահանջվեր: Այնպես որ, ինչպես նշեցի, հանդիսավոր արարողությունը կայանալու է «Արամ Խաչատրյան» համերգասրահում»,-տեղեկացրեց Գեւորգյանը:
Հ.Գ. Օպերայի եւ բալետի թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2012թ. մայիսից: Վերջին անգամ բեմը վերանորոգվել էր 1980-ականներին: Տեղադրվելիք նոր սարքավորումները հնարավորություն կտան դեկորացիաները կառավարել համակարգչային համակարգի միջոցով` մինչեւ 5 սանտիմետր ճշգրտությամբ` նախկին 15-ից 20-ի փոխարեն: Վերազինվելու են ձայնային, լուսային սարքավորումները, հատակը՝ մոտ 1200 քմ, եւ մյուս անհրաժեշտ պարագաները: Վերազինման աշխատանքների համար պետբյուջեից տրամադրվել է 6-8 միլիոն եվրո: Նախագծով թատրոնը պիտի հանձնվեր այս տարվա հունվարի 31-ին:
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԾԱԳԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ