Ապրիլի 17-ին Երեւանի Ռուբինյանց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 48-ամյա դերասանուհի Աննա Գեւորգյանին: Նա հայտնի է մի շարք սերիալներից` «Որոգայթ», «Դիմակահանդես», «Աննա», «Գեներալի աղջիկը», հիմա էլ մարմնավորում է Ժաննայի կերպարը «Քույրը» սերիալում: Երեկ դերասանուհուն դուրս են գրել հիվանդանոցից, ինքնազգացողությունը լավ է, լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն ոտքին ուժեղ հարված ստանալու պատճառով չի կարողանում քայլել: Ընկնելուց նաեւ գլուխն է վնասվել:
Կայքերից մեկի հետ զրույցում Աննա Գեւորգյանը պատմել է, որ երեկոյան տուն գնալիս նկատել է այդ մեքենան, որն արագ չի ընթացել, եւ չի մտածել, թե կհարվածի իրեն: «Արագ չէր գալիս, ինքը ոնց որ դիտմամբ իմ վրա գար, մի քայլ էր մնում, որ մայթն անցնեի, հիշում եմ վերջին զգացողությունս, որ շրջվեցի մայթի վրա, ասացի` ապուշ է, չի տեսնում` ուր է քշում»: Դերասանուհին նաեւ նշել է, որ ինքը չի անցել հետիոտնի համար նախատեսված անցումով, քանի որ դա ընկնում է «Ալմաստ» գործարանի մոտ, եւ ներքեւից բարձրացող մեքենաները անցումի «զեբրաները» չեն նկատում: Նա չի հիշում մեքենայի մակնիշը, բայց նկատել է, որ հին մեքենա է եղել` մուգ կաթնագույն, սպիտակ համարանիշերով տաքսի, եւ, հավանաբար, այդ խաչմերուկի տեսախցիկը ֆիքսած կլինի: Դերասանուհին շեշտել է, թե ցավալի է, որ վրաերթի ենթարկող վարորդը թողել է իրեն դեպքի վայրում եւ հեռացել, իսկ իրեն օգնություն են ցուցաբերել այդ տարածքի մարդիկ:
ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ