ՀԱՐՑ. Օրերս կարդացի, որ ՀՀ-ում գործող 21 բանկերից «Հայբիզնեսբանկ»-ն անսպասելիորեն սնանկացել է, նախորդ տարին վնասով է փակել, այն դեպքում, երբ այդ բանկը միշտ շահույթով աշխատող կառույց է եղել: Եթե բանկի առողջացման գործընթացը չստացվի, ինչպե՞ս են լուծվելու հաշիվներ ունեցող ֆիզիկական անձանց եւ ավանդատուների հարցերը:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում գործող բանկերից որեւէ մեկը սնանկ չէ, սնանկացման գործընթացում չէ, սնանկացման խնդիրներ կամ ռիսկեր չունի, իսկ ֆինանսական համակարգի կայունությունը գտնվում է բավական բարձր մակարդակում: «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում եւս սնանկացման որեւէ ռիսկ առկա չէ, չկան գործունեության հետ կապված խնդիրներ: Այն գտնվում է կայուն վիճակում եւ շարունակում է բնականոն կերպով իրականացնել գործունեությունը: Վերջինս բանկային համակարգի խոշորագույն բանկերից է, որի ընդհանուր կապիտալը ներկայում կազմում է շուրջ 21 մլրդ դր.՝ գրավելով 6-րդ տեղը բանկային համակարգում: Այս պահին բանկում ընթանում է նոր բաժնետիրոջ ներգրավման գործընթաց:
Բանկը բավարարում է նաեւ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված բոլոր տնտեսական նորմատիվային պահանջներին, ինչը եւս վկայում է բանկի կայունության մասին:
Սնանկացման մասին լուրերի վերաբերյալ նշենք, որ դրանք անհիմն, անտեղի եւ ապակողմնորոշող են, եւ նման լուրերի տարածումը կարող է առաջացնել խուճապային տրամադրություններ ու ռիսկեր ստեղծել ՀՀ ֆինանսական համակարգի կայունության համար:
Ինչ վերաբերում է ՀՀ բանկերում հաշիվներ ունեցող ֆիզիկական անձանց եւ ավանդատուների վերաբերյալ հարցին, ապա տեղեկացնենք, որ ՀՀ-ում գործում է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, որն իրականացնում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումը եւ ավանդատուների շահերի պաշտպանությունը: Համաձայն վերոհիշյալ օրենքի՝ միայն դրամային ավանդները երաշխավորվում են մինչեւ 4 մլն հայկական դրամի չափով, իսկ միայն արտարժութային ավանդները՝ մինչեւ 2 մլն դրամի չափով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք, որ առանց ծուխ կրակ չի լինում: Ամեն դեպքում, մեզ դիմած քաղաքացին ճիշտ կանի՝ վերանայի իր համագործակցությունն այդ բանկի հետ, համենայնդեպս, ապահովության համար: