“րապարակը” նախորդ համարներից մեկում անդրադարձել էր “Եվրոմոթորս” ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանի վայրագությանը, ով Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է։
“Գրել էինք, որ նա վիճաբանության է բռնվել իր հարեւանի հետ, որի ժամանակ այնպես է ծեծել հարեւանին, որ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրը մինչեւ լուսաբաց քեֆ էին արել բարձր երաժշտության ներքո՝ հարեւաններին պարտադրելով ողջ գիշեր “մասնակից” լինել ընտանեկան խրախճանքին։
Հարեւանը՝ Հայկազ Խաչատրյանի որդին, բարձրացել է վերեւ՝ հիշեցնելու, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Ապա աղմուկից նրանց էր միացել նաեւ դիտողություն անող տղայի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը: Դիտողությունն ընդունվել էր որպես անձնական վիրավորանք եւ ծեծի ենթարկելու պատճառ: Հայկազ Խաչատրյանն այդ օրվանից գտնվել է հիվանդանոցում, որտեղ էլ օրեր առաջ մահացավ:
Երեկ պարզեցինք, որ այդ ընթացքում նա նաեւ գլխուղեղի կաթված է ստացել: Այդ օրերին ոստիկանությունը գործով թեթեւ էր զբաղվում: Մարդն անգիտակից վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, սակայն ընդամենը ծեծի փաստով էր քննություն կատարվում: Նոյեմբերից մինչ օրս գործի քննությունն ավարտել չկարողացող ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ քննությունը շարունակվում է, հիմա էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Իսկ Եգորյանն այս ընթացքում հանգիստ խղճով, իրավապահներից հեռու՝ իր կարիերան էր շարունակում”: