
“Շահութահարկի մասին” օրենքում փոփոխությունները և “Շրջանառության հարկի մասին” օրենքը, որոնք կառավարության ջանքերով կարճ ժամանակում ընդունվեցին անցյալ տարևերջին, ներկայացվում էին որպես Հայաստանի բիզնես միջավայրը բարելավող բացառիկ քայլեր: Իրականում հարկային այս փաթեթը մի նոր փորձանք է դարձել գործարարների համար: Փոքր և միջին տնտեսվարողները, դուրս գալով շահութահարկի դաշտից, հունվարի մեկից ստիպված են մուծել շրջանառության հարկ, որը նրանց ուժերից վեր է: Այս օրերին “Հրապարակը” բազմաթիվ բողոքներ է ստացել փոքր ձեռնարկատերերից, խանութպաններից, ովքեր դժգոհում էին շրջանառության հարկի մեծ չափերից: Այս հարկատեսակը նրանք ստիպված են մուծել եռամսյակը մեկ, և ապրիլին, երբ հաշվապահները թվեր են ներկայացրել ձեռներեցներին, նրանք բռնել են գլուխները: