Այսօր ապրիլի 24 է` մեր համազգային մեծ վշտի ու հիշատակի օրը: Թերեւս սա այն միակ օրն է, երբ յուրաքանչյուր հայ` անկախ տարիքից, սեռից, քաղաքական հայացքներից կամ դասակարգային պատկանելությունից, մտածում եւ ցանկանում է մեկ բան` Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում: Տասնամյակներ շարունակ հենց Ցեղասպանության ճանաչման հարցն է եղել մեր աշխարհասփյուռ հայությանը միավորող ամենամեծ գործոններից մեկը:
1915-ի ապրիլի 24-ին թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի։ Տարելիցը Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով։ Նույն օրը կայացել է ցեղասպանության հիշատակին նվիրված ժողով, որին մասնակցել են հասարակայնության, պետական մարմինների և հոգևորականության ներկայացուցիչներ։ Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու մասին։ Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթ է կատարվում դեպի համալիր։ 1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր:
Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, ԵՎրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նեիդերլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը և այլն: Ֆրանսիայում և Ուրագվայում ՝ օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն: