Եթե խոստանում եք, որ մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի համար, ապա կարող ենք սկսել. Սերժ Սարգսյանը Սամվել Բալասանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գյումրիի քաղաքապետին՝ քննարկելու համար քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:

«Գյումրիի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին Դուք շատ լավ գիտեք: Մեր տնտեսության, ընդհանրապես, մեր երկրի համար ամենածանր պահին քաղաքում բնակարանային շինարարության բազմամիլիարդանոց ծրագիր սկսեցինք իրականացնել, որի արդյունքում հազարավոր մարդիկ ապահովվեցին բնակարաններով: Քաղաքաշինության նախարարության տվյալներով, Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան, և Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ բնակարանի կարիք ունեն: Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են: Բայց ես այսօր Ձեզ չեմ հրավիրել նրա համար, որպեսզի արվածը մեկ անգամ ևս հեռուստատեսությամբ հայտարարենք: Մի քանի շաբաթ առաջ այստեղ էր Շիրակի մարզպետը: Մենք խոսեցինք այդ թվում նաև Գյումրիի բազմաթիվ խնդիրների մասին և արդեն սկսել ենք դրանց լուծումներ տալ, որովհետև նոր հնարավորություններ են բացվել: Ես Ձեզ հրավիրել եմ, որպեսզի այսօր լուծում տանք մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդրի: Մենք հաջորդ տարվա գարնանն սկսում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, որտեղ ներդնելու ենք 120 միլիոն եվրո գումար, և այս առումով, շատ տեղին կլինի, որպեսզի մենք հիմնավոր լուծում տանք նաև Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը: Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենալով առաջին կարգի ճանապարհ՝ Գյումրի-Երևան, շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու՞ Գյումրիի փողոցները բարեկարգ չեն և, ընդհանրապես, ինչու՞ Գյումրին վերջնական բարեկարգ տեսք չի ստանում, չնայած վերջին տարիներին, այդ թվում նաև Ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո, մենք մեր Հանրապետության չափանիշներին համապատասխան, մեծ գումարներ ենք տրամադրել Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը: Այս առումով, կարծում եմ, որ անհրաժեշտ է և ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը: Շատ կարճ ժամանակ հետո պետք է ձևավորել ծրագրի իրականացման գրասենյակ, և այդ աշխատանքներն ավարտել: Սկսել և ավարտել այն հաշվով, որպեսզի, երբ մենք 2018թ. ավարտենք Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, Գյումրիում ևս լինի բարեկարգ վիճակ»,-խորհրդակցության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին Գյումրիին՝ հետևողականորեն ցուցաբերվող աջակցության համար, նշելով, որ, իրոք, այսօր Գյումրիի համար առաջնահերթ խնդիր է փողոցաշինությունը, արտաքին լուսավորությունը: Այդ խնդիրները, ըստ նրա, տեղական բյուջեի միջոցներով հնարավոր չէ լուծել: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ շարունակվելու է տեղական բյուջեին զուգահեռ նաև հրատապ ծրագրերից քաղաքին միջոցների հատկացումը, ինչպես դա արվում է այլ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար: Քաղաքապետ Բալասանյանը վստահեցրել է, որ հետևողական կլինի Գյումրիի համար կարևորագույն վերոնշյալ ծրագրերի պատշաճ իրականացման գործում, որպեսզի Գյումրին՝ որպես պատմական քաղաք, որպես արվեստի ու արհեստի քաղաք, լինի ավելի գեղեցիկ, ավելի հյուրընկալ ու բարեկեցիկ:

«Պարոն Նախագահ կրկնակի շնորհակալ եմ, որովհետև Ձեր հանձնարարությամբ կառավարությունը 300 միլիոն դրամի սուբսիդիա ձևակերպեց, և դա օգնեց փողոցաշինությանը՝ 12 կապիտալ փողոցներ կառուցվեցին, վերակառուցվեցին: Մենք ևս մեկ լավ ճանապարհ գտանք, որով կարող ենք քարային փողոցներ կառուցել, սալապատել, և դա նույնպես շատ կարևոր ծրագիր էր, որը երկրորդական փողոցների հարցը պետք է լուծի: Դարձյալ Ձեր աջակցությամբ էր, որ մենք կարողացանք այդ 300 միլիոնն ուղղել փողոցաշինությանը: Բացի դրանից, հիմա աշխատատեղերի հետ կապված էլ Ձեր նախաձեռնությամբ մեր հայրենակիցը՝ բարերար Վարդան Սրմաքեշը լուրջ ծրագրեր է իրականացնում, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծում: Միայն 600 աշխատատեղ 2016թ. արդեն կունենանք: Կարծում եմ, մեծ հաջողություն կունենանք, երբ ուսումնական կենտրոն բացելուց հետո մոտավորապես 600 աշխատատեղ լինի: Նոր աշխատատեղ կլինի թեթև արդյունաբերության ոլորտում: Սա նույնպես շատ մեծ հաջողություն է: Այսօր նորից նրանք Եվրոպայից կապվեցին մեզ հետ մի ծրագրի՝ կարտոֆիլի վերամշակման հետ կապված: Սա ուղղակի հրաշք կլինի մեր տարածաշրջանի համար, որովհետև հոլանդական մի ընկերություն հետաքրքրվում է կարտոֆիլի փոշու և նաև ֆրիի կիսաֆաբրիկատի արտադրության հարցով՝ պնդելով, որ ունի շուկա, և մեր տարածաշրջանի կարտոֆիլը իրենք ուսումնասիրել են ու նշում են, որ այն համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Նրանք ցանկանում են լուրջ ներդրում կատարել, որտեղ մասնակցություն կունենա նաև բարերար Վարդան Սրմաքեշը: Մենք հնարավորինս կօժանդակենք ընկերությանը այդ ծրագրի իրականացման գործում»,-ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ գոհունակությամբ խոսելով նաև քաղաքի 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին:




Լրահոս