Այսօր բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա պատարագ, որին կմասնակցեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը:
Նշենք, որ այսօր Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 98-րդ տարելիցն է: 1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի։ Տարելիցը մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթ է կատարվում դեպի համալիր։ 1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր: