Խոստացա, բայց չհասցրի. Կամո Սեյրանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուդուկահար Կամո Սեյրանյանը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել նոր տեսահոլովակ: Կատարումը կոչվում է «Հուշեր». այն նվիրված է Կամոյի մտերիմ ընկերոջը, որը կյանիքց հեռացել է երիտասարդ տարիքում: Երաժշտությունը, կարելի է ասել, ներկայացնում է մի կյանքի պատմություն: Հեղինակը Արմեն Ալեքսանյանն է, գործիքավորումը կատարել է Կարեն Անանյանը. «Ձայնագրությանը մասնակցել են նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ` մեքսիկացի շեփորահար Ռամոն Ֆլորենսը, որը համագործակցել է Լուիս Միգելի, Յանիի հետ, հարվածային գործիքներ նվագող Արչի Պենան, որն ունի 3 «Գրեմմի» եւ համագործակցել է Շակիրայի հետ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց դուդուկահարը:

Նա նշեց, որ պատրաստվում է Մայամիում հունվարին կայանալիք համերգին, որտեղ ներկայանալու է «Forbidden Saints» խմբով: Ի դեպ, Կամոն առաջինը մեզ վստահեց մի տեղեկություն` կապված այս խմբի գործունեության հետ: «Խմբի տղաներն այս տարվա ապրիլին Հայաստանում էին, միասին բավական հետաքրքիր երաժշտություն ենք ձայնագրել. դրանում առկա է ե՛ւ հայկական դուդուկը, ե՛ւ լատինո երաժշտություն` շեփորի նվագակցությամբ. առանձնահատուկ իմպրովիզներ ենք արել: Անգամ տեսահոլովակի մեծ մասն ենք նկարահանել, առաջիկայում այդ աշխատանքը կհասցնենք իր ավարտին»,-պատմեց Կամոն:

kamo-seyranyan

Նա նաեւ տեղեկացրեց, որ աշխատում է մեկ այլ խմբի` ռուսական «Bel Suono»-ի հետ, որը խնդրել է Կամո Սեյրանյանին ներկայանալ փետրվարին Մոսկվայում կայանալիք իր համերգին. «Տղաների հետ եւս նոր մտահղացումներ ենք կյանքի կոչում: Խմբի անդամներից մեկն, օրինակ, երաժշտություն էր գրել երեք դաշնամուրի համար, սակայն ես առաջարկեցի նաեւ դուդուկի նվագացությունը. հետաքրքիր համադրություն ստացվեց, ստեղծագործությունը կոչվում է «Աղոթք»»:

Երաժիշտը խոսեց նաեւ կիսատ մնացած իր ծրագրերից` հավաստիացնելով, որ դրանք առաջիկայում անպայման կիրագործի. «Ես երկրպագուներիս խոստացել էի, որ 2015-ին Հայաստանում մենահամերգ կունենամ, բայց չհասցրեցի այն կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ` հանդիսատեսը չի նեղանա, եթե ես սպասված համերգով հանդես գամ արդեն 2016-ին: Ծրագրում եմ դրսից հրավիրել երաժիշտների, օրինակ` աշխարհի լավագույն քնարահարներից մեկին` պարագվայցի Վիկտոր Էսպինոլային, ռուս թավջութակահար Ալեքսանդր Ժիրովին, կուբացի կիթառահար Ռեյ Ռիոսին, ինչպես նաեւ Ռամոն Ֆլորենսին եւ Արչի Պենային, որոնց մասին արդեն նշեցի»,-ասաց դուդուկահարը` հավելելով, որ համերգի ծրագրի կեսն արդեն պատրաստ է:

maxresdefault

Կա եւս մեկ գործ, որի վրա Կամոն արդեն մեկ տարի է` աշխատում է. նա ձայնագրում է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը. «Ես ծրագրում էի այն ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, սակայն չհասցրեցի, քանի որ հաճախ եմ բացակայում երկրից, եւ ժամանակս թույլ չի տալիս զբաղվել դրանով: Հուսով եմ՝ այն կավարտեմ 2016-ին: Այս կատարման համար ձայնագրվել է 70-80 հոգանոց մեծ սիմֆոնիկ նվագախումբ: Հիմա վերջնական միքսն է արվում, հավանաբար գարնանը կներկայացնեմ դրա հիման վրա տեսահոլովակ»-եզրափակեց Կամոն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս