Այսօր՝ ապրիլի 24-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ-քննչական խմբերով բացատրական աշխատանքների արդյունքում բացահայտել են երեկ՝ ապրիլի 23-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը, որին ոստիկանության ՔՀԳ վարչության արագ հակազդման օպերները որոնում էին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Ղուկասյանի եղբոր տղան ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում արդեն խոստովանել է և հայտնել, որ հանցագործությունը ինքն է կատարել:
Այս պահին նա տեղափոխվում է քննիչի մոտ, որտեղ ցուցմունք է տալու տեղի ունեցածի առթիվ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 23-ին կրակոցներ էին հնչել Գյումրի քաղաքում:
Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Գյումրիում հայտնի, Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը և Քավոր Հարութը: Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mercedes S 500 մակինիշի 35 DV 555 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կան նաև արյան հետքեր, իսկ 4 հարկանի շենքերից մեկի մուտքում նույնպես հայտնաբերվել էին արյան հետքեր: