Ես չեմ էլ ուզել շոու-բիզնեսում լինել. դրա համար ո´չ խելք է պետք, ո´չ գիտելիք. Վարդան Բադալյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Վարդան Բադալյանը թեեւ վերջին շրջանում էկրաններին չի երեւում, նշում է, որ այժմ իր համար մասնագիտական աճի առումով բավական արդյունավետ շրջան է: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ներկայիս գործունեության մասին, խոսել է նաեւ շոու-բիզնեսում «չտեղավորվելու» պատճառներից: Երգիչն անդրադարձել է անձնական կյանքին, զրուցել ամենատարբեր հարցերում իր կնոջ ցուցաբերած աջակցությունից:

12346359_957227687691631_3058223277998176492_n

-Վարդա՛ն, տեւական ժամանակ է` Ձեզ նվիրել եք ժողովրդական երգին: Նախկինում Ձեզ հաճախ էինք տեսնում էկրաններին, հիմա ոչ: Կարելի՞ է ասել, որ հեռացել եք էստրադայից:

-Բայց էստրադա կա՞, որ դրանից հեռանամ (ծիծաղում է): Շոու-բիզնեսում, օրինակ, ես այդքան էլ չկայի, համենայն դեպս հիմա էլ ունեմ իմ շրջապատը ու ոչ ոքից չեմ հեռացել. ընդամենը փոխվել է երգի նկատմամբ իմ մոտեցումը: Փորձում եմ որեւէ բան երգելուց առաջ մտածել, ուզում եմ տարբերակել եթեր գնալու երգը կոորպորատիվներում մատուցվողից: Եթե տարբեր միջոցառումներին հնչող երգի դեպքում կարելի է ինչ-որ կոմպրոմիսի գնալ, ապա եթերով հեռարձակման ենթակա երգի դեպքում` ոչ: Ես դեմ չեմ երաժշտական մյուս ժանրերին, բայց ներկայանում եմ նրանով, որն ինձ մոտ լավ է ստացվում:

Իսկ անցումը ժողովրդական երգին շատ կտրուկ չէր. ես սովորել եմ Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, միշտ էլ երգել եմ ժողովրդական, աշուղական երգեր, ուղղակի մի պահ շեղվեցի ուղուց, ուրիշ ժանրի երգեր կատարեցի: Հետո ժողնվագարանների պետական նվագախմբի հետ կենդանի հնչողությամբ ձայնասկավառակ ձայնագրեցինք, այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Ու թեեւ այժմ էկրաններին չեմ երեւում, ինձ համար վերջին 4-5 ամիսը շատ արդյունավետ էր մասնագիտական աճի առումով: Վերջերս «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցություն եղավ, համերգներ ունեցանք Բեյրութում, այդ ամբողջ ընթացքում մի մեծ դպրոց անցանք: Հիմա ժամանակակից աշուղ Երամի երգերից մեկի վրա ենք աշխատում, առաջիկայում այն կհանձնենք հանդիսատեսի դատին:

2

-Իսկ եղե՞ լ են պահեր, որ ինքներդ Ձեզ շոու-բիզնեսի շրջանակներում չեք «տեղավորել», հասկացել եք, որ դա Ձեր տեղը չէ: Շիտակ, պարզ բնավորությունը երբեւէ չի՞ խանգարել Ձեզ:

-Ես չեմ էլ ուզել շոու-բիզնեսում լինել. դրա համար ո՛չ խելք է պետք, ո՛չ գիտելիք, ո՛չ էլ մի դժվար բան է այնտեղ լինելը: Ուղղակի մարդ կա` իրեն դուր է գալիս այդ շրջապատը, «տուսովկաները», իսկ ես խուսափում եմ անիմաստ հավաքույթներից, թեեւ ինքս շփվող, բաց մարդ եմ: Պարզապես ունեմ սկզբունքներ, որոնք չեմ շրջանցի: Ինչ վերաբերում է շիտակ լինելուն, ինձ թվում է` անկեղծությունն ամեն դեպքում հաղթում է: Այդ հատկությունն ինձ օգնում է, չի խանգարում:

-Գաղտնիք չէ, որ կինը տղամարդուց ճարպիկ, ճկուն էակ է, երբեմն ավելի լավ է զգում վրահաս վտանգը, ավելի հեշտ է դժվար իրավիճակներից ելքեր որոնում: Ձեր կինը Ձեզ խորհուրդներ տալի՞ս է, թիկունքում նրա աջակցությունը հատկապես ո՞ր հարցերում եք զգում:

-Այո՛, կինս ինձ շատ խորհուրդներ է տալիս` նույնիսկ մասնագիտական հարցերին առնչվող: Նա կարող է ինձ օգնել անգամ երգերի, բեմական հագուստի ընտրության հարցում, թեեւ մասնագիտությամբ ճարտարապետ է: Կինս ամեն ինչ անում է, որ ես լիարժեք կերպով կարողանամ նվիրվել իմ գործին, ամիսներով բացակայեմ տանից: Շատ հարցերից նա ավելի լավ է գլուխ հանում, քան ես, եւ, առհասարակ, կարծում եմ` նա ավելի լավն է, քան ես (ծիծաղում է):

-Իսկ ընկերներ շատ ունե՞ք, թե՞ նրանցից շատ չեն ունենում:

-Ընկերներ շատ ունեմ, երգարվեստից, օրինակ, մտերիմ եմ Էրիկի, Նարեկ Բավեյանի հետ: Բայց քիչ թիվ են կազմում նրանք, որոնց հետ իմ շփումն առանձնահատուկ է:

3

-Հայրիկի լավագույն խորհուրդն իր որդուն ո՞րն է:

-Տղայիս ապագան տեսնում եմ կրթվելու, լավ մասնագետ լինելու մեջ: Ուսանող տարիներին ես շատ եմ անիմաստ ժամանակ կորցրել, կուզենամ, որ նա ավելի խոհեմ գտնվի այդ հարցում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս