
Երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բակում իրարանցում էր: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մասնակցում էր ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին: “Տարածքում” էր նաեւ Ս. Սարգսյանի նորանշանակ մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը: “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել, թե ինչպես կարելի է արդյունավետ աշխատել, եթե ՀՀ նախագահի նստավայրից սովորաբար մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, եւ մենք զրկված ենք այդ կառույցի մասին տեղեկություն ճշտելու հնարավորությունից: Հակառակ մեր սպասելիքներին՝ Ա. Սաղաթելյանն ասաց, որ ինքը շատ զբաղված է եւ ի վիճակի չէ մեր հեռախոսազանգերին պատասխանել: Հետաքրքիր է, ի՞նչ է անում Ս. Սարգսյանի մամլո խոսնակը, եթե նրա գործառույթը լրագրողների հարցերին պատասխանելն է, որի համար վարձատրվում է: