Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռեվս չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ծիծեռնակաբերդից քիչ առաջ վերադարձա, ուր բարձրացել էի հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Այս անգամ այնտեղ բարձրանալիս մոտս մի քանի խոհեր էին միախառնվել: Այս մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան օսկանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նախ, որ երկու տարի հետո արդեն կլրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռևս չի ստացել՝ ոչ միայն Թուրքիայի, այլև առհասարակ մարդկության կողմից: Կասեի անգամ հակառակը՝ Թուրքիայի ժխտողականությունը, Հայաստանի շրջափակումը և միջազգային հանրության անտարբերությունը կարծեք թե 1915 թվականի իրադարձությունների շարունակությունը լինեն: 100-ը, ամեն պարագայում, խորհրդանշական թիվ է, բայց նաև բացարձակ հիշեցում է, որ Ցեղասպանության հիշողություններ ունեցող վերապրողներ արդեն չկան:
Երկրորդ մտորումս այն էր, որ այսօր Մեծ եղեռնի հուշարձան բարձրացող հարյուրհազարավոր մեր հայրենակիցների շարքում նաև Սիրիայի ողբերգությունից Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցներն են: Նրանք Ցեղասպանությունից մազապուրծ եղած, Սիրիայի անապատներում քայլած և Հալեպում ապաստան գտած վերապրողների այն սերունդն են, որը երկրորդ անգամ տեղահան է լինում մի հակամարտության արդյունքում, որի գլխավոր բորբոքողներից մեկը կրկին Թուրքիան է: Համենայնդեպս, նման ողբերգության պայմաններում ինչպիսի բախտավորություն է, երբ այդ մարդիկ անվտանգ գտնվում են իրենց հայրենիքում և այս օրն իրենց ցեղասպանված նախնիներին հարգանքի տուրք են մատուցում մայր հողի վրա:
Երրորդ մտորումս այն էր, որ 100-րդ տարելիցի նախաշեմին մեր և՛ քաղաքական, և՛ հոգևոր, և՛ ընդհանրապես հասարակական մտածողության մեջ Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման հարցում շեշտադրումների հստակ փոփոխություն է նկատվում: Իսկապես, արդեն ժամանակն է, նույնիսկ ուշացել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը պահելով մեր տեսադաշտում՝ մեր գլխավոր թիրախը դարձնենք դրա հետևանքների վերացումը: Դա նշանակում է պահանջատեր լինել մեր իրավունքներին, նյութական, հոգևոր, մտավոր և բարոյական կորուստներին:
Իհարկե, խնդիրը այսպիսի հարթության վրա դնելը հայ ժողովրդի կողմից նետված լրջագույն մարտահրավեր է: Սա չի կարող զուտ հայտարարությունների տիրույթում մնալ, այլ ենթադրում է այդ նպատակի հետևողական և գործնական իրագործում:
Այս խնդրի լուծումը ենթադրում է երեք գլխավոր նախապայման.
1. Ուժեղ, միասնական, ժողովրդավար և արդար Հայաստան:
2. Կազմակերպված Սփյուռք, որը հավատում և վստահում է առաջին հերթին Հայաստան պետությանը, պատրաստ է համագործակցության և բոլոր հնարավոր ռեսուրսները ներդնելու:
3. Խնդրի քաղաքական, դիվանագիտական և իրավական այնպիսի ձևակերպում, որը հնարավորություն կտա ապահովել միջազգային առավել լայն շրջանակների համակրանքն ու ներգրավվածությունը:




Լրահոս