Նախարար Գաբրիել Ղազարյանը չգիտի, որ հաշմանդամներին միջազգային օրվա կապակցությամբ չի կարելի շնորհավորել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ին ողջ աշխարհը նշում է հաշմանդամների միջազգային օրը: Այդ օրվա խորհուրդն այն է, որ կառավարությունները եւ, ընդհանրապես, հասարակության յուրաքանչյուր անդամ եւս մեկ անգամ հիշի` իր կողքին ապրում են սահմանափակ հնարավորություններով մարդիկ, որոնք ունեն հավասար իրավունքներ:

Այդ օրվա առիթով Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ուղերձներ էին տարածել: Սակայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հավանաբար օրիգինալ երեւալու համար, որոշել էր շնորհավորել հաշմանդամներին: Այո, այո, չկարծեք՝ թյուրիմացություն է: Նախարարի շնորհավորանքում բառացի նշված է. «Շնորհավորում եմ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ նրանց լինել ակտիվ, նախաձեռնող եւ իրենց կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման եւ հզորացման գործին»: Ակնհայտ է, որ Ղազարյանը ոչ միայն օրվա խորհուրդը չի ընկալել, այլ նաեւ չգիտի, թե ինչ ասել է հաշմանդամ, եւ ամենակարեւորը` չի կարելի նրանց այդ առիթով շնորհավորել: Մեզ մնում է ցավակցել Գաբրիել Ղազարյանին, որ նա զրկված է հաշմանդամի օրվա կապակցությամբ իր գործընկեր պաշտոնյաներից շնորհավորանքներ ստանալու հնարավորությունից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս