Երեկ ՀՀ կառավարության շենքի առաջ ձայնասկավառակների վաճառքով զբաղվող ընկերությունների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նշենք, որ կառավարությունը մեկ տարի առաջ ընդունել էր “Ակցիզների մասին” օրենքը, ըստ որի` ապրիլի 18-ից հետո շուկայում չպետք է լինեն առանց ակցիզի CD-ներ եւ DVD-ներ: Այս օրենքը հաստատվել էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի կողմից: Օրենքի գործարկումից հետո CD-ների եւ DVD-ների վաճառքով զբաղվող խանութները փակված են, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ դարձել են գործազուրկ:
Համաձայն դեռեւս անցած տարի ընդունված “Ակցիզների մասին” ՀՀ օրենքի՝ երեկվանից շուկայում չպետք է լինեն առանց ակցիզի CD-ներ եւ DVD-ներ: Չակցիզավորված ապրանք վաճառելու դեպքում կրպակը կտուգանվի 4 մլն դրամի չափով:
Ըստ օրենքի՝ որեւէ ձայնասկավառակ կամ ֆիլմ գնելու համար նախ պետք է հեղինակի կամ հեղինակի իրավահաջորդի հետ պայմանագիր կնքել, պայմանագրում նշել, թե քանի սկավառակ են ցանկանում գնել, այնուհետեւ յուրաքանչյուրի համար ձեռք բերել ակցիզ եւ պայմանագրում արձանագրել, թե որքանով է նախատեսվում վաճառել ձայնասկավառակը: Մինչդեռ նախկինում խանութի սեփականատերերն ընդամենը ֆիրմայից գնում էին ձայնասկավառակը, վճարում հարկերն ու վաճառում այն:
Ու թեեւ երեկվանից արդեն օրենքով արգելվել է առանց ակցիզային դրոշմանիշի CD-ների եւ DVD-ների վաճառքը, սակայն ձայնասկավառակների վաճառքով զբաղվող ընկերությունների սեփականատերերը չգիտեն, թե որտեղից կամ ումից ձեռք բերեն ակցիզ եւ ինչ մեխանիզմով այն կիրառեն:
“Հայ ֆայ” ձայնասկավառակների խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Արտաշես Բոստանչյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում մտահոգված նշեց. “Այսօր ձայնասկավառակների եւ տեսասկավառակների մանրածախ առեւտրով զբաղվողներն ունեն մեծ քանակությամբ պահեստավորված արտադրանք, որոնք տարիների ընթացքում կուտակել են: Բայց արի ու տես, որ կառավարությունը մեզ ոչ մի կերպ չի ընդառաջում: Գոնե ժամանակավոր ինչ-որ տեսակի ակցիզներ տրամադրի, ինչպես տրվել է սիգարետների եւ ալկոհոլային խմիչքների համար: Բայց դա էլ չեն անում: Իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից էլ մեզ ընդամենը զգուշացրին, որ վեց ամիս ժամկետ են տալիս կուտակված ապրանքը սպառելու համար: Հիմա թե ով է հասցրել սպառել, չգիտեմ”:
Նրա խոսքով՝ այս բիզնեսը մահացող է, քանի որ օրեցօր զարգանում է ինտերնետը. “Այս օրենքը խորը ուսումնասիրված չէ, սխալ է կամ լրիվ չի մշակվել: Հայաստանում գործում է ավելի քան 1500 վաճառքի կետ: Թե հիմա քանի մարդ է գործազուրկ մնում, դա արդեն Դո՛ւք պատկերացրեք”:
Իսկ ահա “Դիսկ վորլդ” խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը գործնական նպատակների համար տարիների ընթացքում տարբեր բանկերից վարկեր է վերցրել ու հիմա հայտնվել վատ վիճակում. “Նույնիսկ մեր բնակարանն է գրավադրված: Հիմա հայտնվել ենք էս վիճակում”:
Ավելի ուշ տեղեկացանք, որ “Ռեքո ռեքորդս” ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանը բողոքի ակցիայից հետո հանդիպել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ:
“Իրենք հասկացան, թե իրականում ինչն է խնդիրը, եւ խոստացան ընթացք տալ: Խնդիրներից մեկը կապված է տեղական արտադրանքի, մյուսը՝ ներմուծվող ապրանքների հետ: Առաջին խնդիրը կարելի է համարել լուծված, բայց երկրորդի դեպքում մենք ունենք բարդություններ: Որեւէ մի պաշտոնյա պետք է այս հարցի պատասխանատվությունը վերցնի իր ուսերի վրա ու փորձի լուծում տալ: Մենք իրավաբանի հետ միասին փորձում ենք կետեր մշակել եւ առաջարկել կառավարությանը: Հայ երգիչների եւ հայկական ֆիլմերի իրավատերերի հարցը բավական հեշտ է ստացվում, բացի այդ` մարդկանց իրավունքներն էլ պաշտպանված են: Բայց Մադոննայի իրավատիրոջը ես որտեղի՞ց գտնեմ”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց Դ. Խանոյանը:
Ակցիայի մասնակիցներից մեկի՝ Արսեն Երեմյանի խանութը գտնվում է Նոր Նորքի առաջին զանգվածում: Այն հիմա փակ է: Արսենն ունի երեք անչափահաս երեխա: “Ես չգիտեմ, թե ոնց եմ երեք անչափահաս երեխաներիս պահելու: Վարկեր եմ վերցրել, ո՞վ է դրանք փակելու: Այսքան ժամանակ ոչ մի տեսակի նպաստից չեմ օգտվել, քանի որ երկար տարիներ հարկային դաշտում եմ եղել: Ես պետությանը հարկ եմ տվել, գոնե հիմա հարգեն մեզ ու ընդառաջեն”,-նշեց հուսահատված քաղաքացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 524 համար