«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 26-ից Գյումրու Ղորղանյան 83 առանձնատանը տեղակայված «Մարիամ» ռադիոկայանի եթերը դեռեւս խափանված է, իսկ աշխատակիցները՝ ձերբակալված: Հայր Անտոն Թութունջյանը, որը կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչն է եւ նշված ռադիոկայանի տնօրենը, ձերբակալվել է նոյեմբերի 26-ին՝ անմիջապես հաջորդ օրը, երբ Նորք-Մարաշում ձերբակալեցին զինված երիտասարդներին։ ԱԱԾ-ն ուղղակի կապ գտավ այս խմբավորման եւ Հայր Անտոն Թութունջյանի միջեւ: Ռադիոկայանի աշխատակիցները հաջորդ օրը գնացին աշխատանքի եւ տեսան, որ իրենց գույքը չկա՝ ԱԱԾ-ն առգրավել է։ Ռադիոկայանի գույքն այսօր դեռեւս շարունակում է առգրավված մնալ: Ղորղանյան 83 առանձնատանն է բնակվում Հայր Անտոն Թութունջյանի տարեց մայրը: Մենք այցելեցինք նրա առանձնատուն, սակայն 90-ն անց կնոջը հանդիպել չհաջողվեց: Կնոջ խնամակալի խոսքով՝ նա քնած էր, եւ անհանգստացնել պետք չէր:
Կատարվածի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից, ինչպես նաեւ կաթոլիկ եկեղեցուց: Սրբազանը ձեռնպահ մնաց որակումներ տալուց: Տեղեկացանք նաեւ, որ Վատիկանը որեւէ կերպ չի արձագանքել իրողությանը: Միքայել եպիսկոպոս Աջապահյանի համար զարմանալի է, թե ինչու կաթոլիկ եկեղեցին պետք է արձագանքեր նման շարքային իրադարձության, Սրբազանն անգամ վստահ է, որ Վատիկանում տեղյակ էլ չեն կատարվածի մասին: Հայր Անտոնի հետ միասին ԱԱԾ-ի աշխատակիցները ձերբակալել են նաեւ ռադիոյի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանին։ Լիլիթը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից է: Աղջկա համագյուղացիներն ու հարազատներն ուղղակի ապշած են: Նրանց խոսքով՝ Լիլիթը շատ կարգապահ եւ խելացի անձնավորություն է: Հարազատներից տեղեկացանք, որ Լիլիթն այժմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է, որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Լիլիթի փաստաբան Գեղամ Հակոբյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: Ի դեպ, հարազատները Լիլիթի հետ չեն կարողանում շփվել, տեսակցությունների վրա արգելանք է դրված, տեղեկություններ ստանում են փաստաբանից: Գիտեն, որ աղջիկը չափազանց ընկճված եւ վատ վիճակում է: Շիրակի մարզից երրորդ ձերբակալվածը Փանիկ գյուղի բնակիչ 26-ամյա Գեւորգ Ջնդոյանն է, որի փաստաբանին եւ հարազատներին երեկ հանդիպել չհաջողվեց։ Միայն համագյուղացիներից տեղեկացանք, որ լսել են՝ տղան հացադուլ է հայտարարել եւ այս պահին առողջական խնդիրներ ունի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: