Այսօր ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հարավարևմտյան Ա3 թաղամասում մի կին փորձել է ինքնասպան լինել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կնոջ` ինքնասպանության փորձի մասին հարևաններին ահազանգել է նրա անչափահաս դուստրը:
Մեզ հետ զրույցում հարևանները հաստատեցին, որ նման բան թաղամասում տեղի է ունեցել: 46-ամյա Նատալյա Քրմոյանին ճակատգրական քայլից հետ է պահել հարևանուհիներից մեկը, ով էլ մեզ ներկայացրեց դեպքի հանգամանքները:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` կինն այդ քայլին է դիմել սոցիալական ծանր պայմաններից ելնելով և ամուսնու` ազատազրկման պատճառով. «Խեղճ կինը չի կարողանում երեխաների հոգսերը հոգալ: Երկու դպրոցահասակ աղջիկ ունի, դպրոց չեն գնում: Փոքրը 15 տարեկան է, մորն է խնամում, մեծը` 17, ինչ-որ մանկական սրճարանում է աշխատում` օրը 2 հազար դրամով: Այդ կինն էլ ստամոքսի քաղցկեղ ունի: Ամեն օր լաց ու կոծի մեջ է»:
Հարևանուհին պատմեց, որ Նատալյայի ամուսինը` ազգությամբ ռուս Անդրեյ Դիաբլիցևը, 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 2 հեղուկ օճառ գողանալու պատճառով: Որոշում էր կայացվել նրան պայմանական ազատ արձակել, սակայն անհասկանալի պատճառներով Զյաբլիցևը շարունակում է անազատության մեջ մնալ` պատիժը կրելով «Կոշ» ՔԿՀ-ում` կիսաբաց ռեժիմով:
Նշենք, որ գողություններին, ըստ մեղադրանքի, մասնակցել է նաև Նատալյան: Ի դեպ, հարևանուհին հայտնեց, որ ինքնասպանության փորձ կատարած կինը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հորեղբոր աղջիկն է:
Սուրեն Քրմոյանը, սակայն, հերքեց այս տեղեկությունը՝ հայտնելով, որ ինքն ունի հորեղբոր երկու դուստր, որոնց շատ լավ ճանաչում է. «Այդ անունն առաջին անգամ եմ լսում»,- հավելեց փոխնախարարը: