Աբրահամյանը որոշել է ագրեսիվ քայլերով մտնել քաղաքական դաշտ, որպեսզի քաղաքական «դոդի» պիտակին չարժանանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը թիմ է հավաքել եւ նոր կուսակցություն հիմնելու ծրագիր է մշակում, որն, ըստ ամենայնի, կոչվելու է «Ազգային միասնություն»: Պարզվում է՝ Աբրահամյանը որոշել է ագրեսիվ քայլերով մտնել քաղաքական դաշտ, որպեսզի քաղաքական «դոդի» պիտակին չարժանանա:

Հիշեցնենք, որ Աբրահամյանի կուսակցության ծրագիր գրողները նախկինում եղել են ԲՀԿ նախկին առաջնորդ Գ.Ծառուկյանի հուշարարները՝ Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյան, ովքեր անգործ էին մնացել Ծառուկյանի քաղաքական վախճանից հետո:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌՀՄ նախագահ Ա. Աբրահամյանը մտադիր է դաշտ մտնել ագրեսիվ հարձակումներով: Նա խնդրել է իր համար ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառ թիմ» հավաքել, որպեսզի կարողանա ազատվել իր համար ոչ ցանկալի պիտակներից, թե Արա Աբրահամյանն անգրագետ է կամ ՌԴ-ի ծառան: ՌՀՄ նախագահը մտադիր է նաեւ լրատվական դաշտի ներկայացուցիչների վրա «գրել տալով»՝ փրկել իր իմիջը: Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված քննադատությունները՝ այդ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել:

Գ. Ծառուկյանն էլ էր դիմադրում, որ իրեն դոդի Գագո չասեն, չգրեն, դրա համար հատուկ թիմ էր հավաքել, վարձատրում էր: Բայց կյանքը ցույց տվեց, որ դոդի Գագոյից Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչ սարքելու փորձ անող թիմը տապալվեց, եւ հիմա դժվար թե անգրագետի համարում ունեցող Աբրահամյանից քաղաքական գործիչ «ստանան»:
Նշենք, որ քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն՝ Աբրահամյանը մտադիր է կուսակցություն բացելուց հետո համագործակցել ՕԵԿ առաջնորդ Ա. Բաղդասարյանի կողմից հիմնված «Հայկական վերածնունդ» միավորման հետ: «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնապես պարզել՝ հնարավո՞ր է «Հայկական վերածնունդի» եւ ստեղծվելիք «Ազգային միասնություն» կուսակցության համագործակցությունը: «Հայկական վերածնունդ» միավորման մամլո խոսնակ Վահե Մոսինյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, որ Աբրահամյանն իր նոր ստեղծելիք կուսակցությամբ հայտարարություն է արել միանալու «Հայկական վերածնունդին»: Համագործակցություն, չգիտեմ, լինելու է մեր մեջ, թե ոչ, բայց ներկայումս որեւէ համագործակցային գործողություն չկա: Ես ո՛չ հաստատում եմ, ո՛չ բացառում եմ այդ հանգամանքը: Ավելի հստակ կերեւա ապագայում»: Հիշեցնենք, որ Ա. Աբրահամյանը ՕԵԿ առաջնորդ Ա. Բաղդասարյանի որդու քավորն է, ինչով եւ, հավանաբար, պայմանավորված է համագործակցության այս հեռանկարը:

Նշենք, որ Աբրահամյանը ցանկանում է իր թիմում որեւէ կարգավիճակով ներքաշել նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռ.Քոչարյանին, սակայն վերջինս ձեռնպահ է մնում՝ չցանկանալով որեւէ կերպ մասնակցություն ունենալ այդ գործընթացին:
Ա. Աբրահամյանն «Ազգային միասնություն» ստեղծելու նախապատրաստական փուլի մեջ է այժմ եւ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ` ցանկանալով ներգրավել հնարավորինս շատ ազդեցիկ ու հեղինակավոր մարդկանց: Այս պահի դրությամբ նկատելի է, որ հեղինակություն վայելող որեւէ լուրջ ուժ կամ անհատ չի համաձայնել միանալ Աբրահամյանին եւ նրա հետ ճանապարհ անցնել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս