ՀՀ Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ ՀԱԿ անդամների վրա կատարված հարձակման փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, այն է դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն “Հայ ազգային կոնգրես” կուսակցության Աջափնյակ համայնքի շտաբի պետից ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 9 շենքի մոտ, քարոզչություն իրականացնելիս, հարձակվել են իրենց կուսակցության երիտասարդների վրա:
Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի անդամ, 1986 թ. ծնված Ալեքսանդր Հ.-ն բանավոր հայտարարել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասի թիվ 9 շենքի բակում, քարոզարշավ իրականացնելիս, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Ալեքսանդր Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ալեքսանդր Հ.-ի և 1995 թ. ծնված Իշխան Մ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է 1987 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:
Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, Իշխան Մ.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: