ՀՀ կառավարության խնդիրն է պայմաններ ապահովել, որպեսզի ձեռնարկությունները եւ անհատ մարդիկ կարողանան ինչ-որ արդյունք ստեղծել, որը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշներին: Սա տնտեսության զարգացման հետեւաբար նաեւ աճ ապահովելու տեսանկյունից կառավարության գործունեության ամենապարզ բնորոշումն է:
Համախառը ներքին արդյունքը (ՀՆԱ) Հայաստանում ստեղծված ամբողջ արդյունքն է: Այսինքն՝ այդ ցուցանիշն իր մեջ ներառում է ինչպես արեւածաղիկ վաճառողի եկամուտը, այնպես էլ տնտեսության բոլոր ճյուղերի եւ անհատների արձանագրած արդյունքները: Մի խոսքով, ՀՆԱ-ն Հայաստանի ողջ տնտեսության եւ բնակչության ստեղծած արդյունքի հանրագումարն է: Իսկ երբ ասում են տնտեսական աճ, նկատի ունեն, որ տվյալ ժամանակահատվածում պետության ՀՆԱ-ն, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, աճել է: Այսինքն՝ տնտեսության աճ ասվածն իրականում ՀՆԱ-ի աճն է: Իհարկե, վերջին տարիներին պաշտոնական վիճակագիրներն այս հանգամանքը թաքցնելու համար հնարեցին «Տնտեսության ակտիվության ցուցանիշ» անվանումով տերմինը, որը փորձում են ներկայացնել իբրեւ տնտեսական աճի թիվ, սակայն, միեւնույն է՝ տնտեսության իրական աճը կամ անկումն արտահայտում է բացառապես ՀՆԱ-ն: Ի վերջո, ընտանիքը նախորդ տարվանից քիչ գումար վաստակելով՝ չի կարող հայտարարել, թե ընթացիկ տարում իր եկամուտներն աճել են:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի այս տարվա առաջին երեք եռամսյակների ՀՆԱ-ի ցուցանիշները: Ըստ այդմ, առաջին եռամսյակում ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 873 միլիարդ 851 միլիոն 400 հազար դրամ, երկրորդ եռամսյակում` 1 տրիլիոն 108 միլիարդ 547 միլիոն 100 հազար դրամ եւ երրորդ եռամսյակում` 1 տրիլիոն 516 միլիարդ 554 միլիոն 600 հազար դրամ: Այսինքն՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում ստեղծվել է 3 տրիլիոն 498 միլիարդ 953 միլիոն 100 հազար դրամի համախառը ներքին արդյունք:
Նշենք, որ Հայաստանը ներկրման հաշվին ապրող երկիր է: Այսինքն՝ այն ամենը, ինչ մեր երկրում ստեղծվում է, վերջնահաշվարկում վերածվում է արտարժույթի, որի հաշվին արտերկրից ապրանքներ են գնվում եւ ներկրվում Հայաստանն ու մարդիկ կարողանում են ապրել: Ուստի Հայաստանի ՀՆԱ-ն անհրաժեշտ է հաշվարկել միջազգային երկու հիմնական` դոլարի կամ եվրոյի փոխարժեքներից մեկով: Մասնավորապես, եթե այս տարվա 9 ամիսներին ՀՆԱ-ն վերածում ենք դոլարի` մեկ դոլարը 480 դրամ փոխարժեքով, ապա ստացվում է, որ նշված ժամանակահատվածում Հայաստանը կարողացել է ստեղծել 7 միլիարդ 289 միլիոն 500 հազար դոլարի համախառը ներքին արդյունք:
Անցած տարվա ինն ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, ՀՆԱ-ն կազմել է 3 տրիլիոն 66 միլիարդ 130 միլիոն դրամ: Անցած տարվա սեպտեմբերի վերջին, այսինքն՝ երրորդ եռամսյակի ավարտին, 1 դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 410 դրամ: Ի դեպ, այն գրեթե ողջ տարվա ընթացքում նույն է եղել: Անցած տարի դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի երկրորդ կեսից: Այպիսով՝ դոլարային արտահայտությամբ Հայաստանի ՀԱՆ անցած տարվա ինն ամիսների արդյունքում կազմել է 7 միլիարդ 478 միլիոն 400 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն ինն ամսում նվազել է մոտ 190 մլն դոլարով: Տոկոսային արտահայտությամբ ստացվում է, որ անցած տարվա համեմատ Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է 2,5 տոկոսի տնտեսական անկում:
Իհարկե, այս փաստը ՀՀ իշխանությունները երբեք չեն խոստովանի եւ տարատեսակ թվեր նկարելով՝ հանրությանը կփորձեն համոզել, թե իբր տնտեսական աճ ենք ունեցել: Իսկ մարդիկ այդպես էլ կտարակուսեն, թե ինչպես է ստացվում, որ աճի պայմաններում իրենց կյանքը գնալով, միեւնույն է, վատանում է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ