Երեք ամբաստանյալներից երկուսն արդարացվեցին ու ճանաչվեցին անմեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ. Մկրտչյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Գեղամա» մասնաճյուղի ենթակայանների խմբի ավագ վարպետ Մանվել Գալստյանի և նույն մասնաճյուղի վերանորոգող-էլեկտրափականագործ Վիլիկ Վարդանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Խոսքը տվյալ դեպքում ներկման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու մասին է, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը:

Նույն գործով անցնող երրորդ ամբաստանյալը՝ «Գեղամա» մասնաճյուղի Մեղրաձոր ենթակայանի տնային հերթապահ Կամո Ենոքյանը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով և դատապարտվել ազատազրկման 9 ամիս ժամկետով` էլեկտրական կայանքներում էլեկտրատեխնիկական աշխատանքներ կատարելու և այդ բնագավառում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով` 1 տարի ժամկետով:

Դատարանը գտել է, որ Մանվել Գալստյանի և Վիլիկ Վարդանյանի կողմից կատարված, սույն դատաքննությամբ հաստատված գործողություններում բացակայում է` Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը վերաբերող հանցակազմը:

Նախաքննական մարմինը Մանվել Գալստյանի և Վիլիկ Վարդանյանի կողմից կատարած վերը նշված արարքը որակելիս, անտեսել է այդ արարքի քրեաիրավական գնահատման համար էական նշանակություն ունեցող մի շարք փաստական հանգամանքները:

Դատարանի եզրահանգմամբ, քրեական գործի ողջ քննությամբ ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ ամբաստանյալ Մանվել Գալստյանը և Վիլիկ Վարդանյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված և իրենց մեղսագրված հանցանքները:

Ուստի դատարանը գտել է, որ Մանվել Գալստյանին և Վիլիկ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրանց մեղսագրված արարքում բացակայում է հանցակազմը, հետևաբար պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալներ Մանվել Գալստյանի և Վիլիկ Վարդանյանի անմեղությունը և նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է կայացնել արդարացման դատավճիռ:

Դատարանը միաժամանակ ապացուցված է համարել Կամո Ենոքյանի կողմից ՀՀ քեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելը և գտել է, որ վերջինս կատարած արարքի համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:

Նախաքննական մարմնի կողմից Կամո Ենոքյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա՝ հանդիսանալով «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Մեղրաձոր» 35/10կվ ենթակայանի տնային հերթապահ, օժտված լինելով ենթակայանում աշխատանքների կատարումը թույլատրելու լիազորությամբ, այսինքն՝ անվտանգության կանոնները պահպանելու պարտականություն կրող անձ, խախտել է ՀՀ կառավարության N1933-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոնները սահմանող տեխնիկական կանոնագրքի 11-րդ գլխի 7-րդ կետի ա, բ և զ ենթակետերի, 12-րդ գլխի 16-րդ կետի, ինչպես նաև՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Գեղամա» մասնաճյուղի 35կվ ենթակայանի հերթապահի պաշտոնեական հրահանգի 2-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները, այն է՝ աշխատանքները կատարելուց առաջ և դրանց ընթացքում չի գնահատել անվտանգության միջոցառումների բավարար լինելը, չի իրականացրել անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումների կազմակերպում (ցանկապատում), չի գնահատել ռիսկերը, մինչև ներկման աշխատանքների սկսելը լարման տակ գտնվող տրանսֆորմատորը չի ցանկապատել բուսական կամ սինթետիկ թելերով պատրաստված պարանով, վրան չի կախել «Կանգնի՛ր, լարում կա», իսկ աշխատատեղերում՝ «Աշխատե՛լ այստեղ» ցուցանակները, չի արգելել հիշյալ կարգադրությամբ աշխատող չհանդիսացող 35/110կվ օդային գծերի ծառայության 4-րդ կարգի վերանորոգող-էլեկտրափականագործ Ս.Զարգարյանին գտնվել ԲԲՍ-ի տարածքում, ինչի հետևանքով վերջինս անարգել մուտք է գործել Մեղրաձոր 35/10կվ ենթակայանի տարածք, բարձրացել լարման տակ գտնվող 1-ին տրանսֆորմատորի վրա, էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Դատարանը՝ վերլուծելով Կամո Ենոքյանին առաջադրված մեղադրանքը, արձանագրել է, որ վերջինիս առաջադրված մեղադրանքը ենթակա է փոփոխման և լրացման:
Դատարանը Կամո Ենոքյանին առաջադրված մեղադրանքի սահմաններում հաստատված է համարել այն հանգամանքը, որ Կամո Ենոքյանը՝ խախտելով ՀՀ կառավարության N1933-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոնները սահմանող N1933-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 10-րդ գլխի 11-րդ կետի «ա» ենթակետի, 12-րդ կետի և 12-րդ գլխի պահանջները, չի արգելել, բացված թիվ 7 կարգադրությամբ ներկման աշխատանքներ կատարող բրիգադի աշխատող չհանդիսացող 35/110կվ օդային գծերի ծառայության 4-րդ կարգի վերանորոգող-էլեկտրափականագործ, անվտանգության 3-րդ խումբ ունեցող Սոս Զարգարյանին գտնվել ԲԲՍ-ի տարածքում, ինչի հետևանքով վերջինս անարգել մուտք գործելով Մեղրաձոր 35/10կվ ենթակայանի տարածք, բարձրացել է լարման տակ գտնվող 1-ին տրանսֆորմատորի վրա, էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Այսինքն, Դատարանը հաստատված և հիմնավոր է համարել Կամո Ենոքյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` «Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ» հանրորեն վտանգավոր արարք կատարելու հանգամանքը:

Նշենք, որ Կամո Ենոքյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել իր վերաբերյալ կայացված դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ` ճանաչելով և հռչակելով իր անմեղությունն առաջադրված մեղադրանքում, կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության՝ սահմանելով քննության նոր ծավալ, կամ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:




Լրահոս