ԳՈՆԵ ԼՌԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ճամփորդության եւ զբոսաշրջության հարցերով զբաղվող իրավաբանների միջազգային ֆորումի եվրոպական համաժողովի հրավիրած մամուլի ասուլիսում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հերթական անգամ բավականին անհեթեթ վիճակի մեջ է դրել ՀՀ իշխանություններին: Նա անդրադարձել է ՀՀ տնտեսության գերակա ճյուղ համարվող զբոսաշրջության ներկա վիճակին, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, ՀՀ իշխանավորները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս ճռճռան հայտարարություններով` ներկայացնելով  իրականության հետ որեւէ կապ չունեցող ցուցանիշներ: «Երբ զբոսաշրջիկը Վիեննայից  օդանավակայանում ստիպված է  15 ժամ սպասել, այդ պարագայում չեն գա այստեղ: Եթե ԱՄՆ-ից եք գալիս եւ երկու գիշեր պետք է անցկացնեք օդանավում, չեք գա Հայաստան: Եվ գներն էլ, այո՛, շատ բարձր են, ու ծառայություններն էլ հրաշալի չես անվանի»,-հակադարձելով  էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանին` նշել է ԱՄՆ դեսպանը: Բնականաբար, որեւէ մեկին հաճելի չէ լսել, թե ինչպես է օտար երկրի դեսպանը քննադատում քո երկրի ծառայությունները՝ դրանք համարելով «ոչ հրաշալի»: Առավել եւս` հաշվի առնելով հայկական ավանդական հյուրընկալության  հետ կապված մեր ազգային նուրբ զգացմունքները: Սակայն հարցն այն է, որ Հեֆֆերնի ասածն ընդամենը իրականության արձանագրումն է: Առավել մտահոգիչ է այն, որ  նրան մի քանի անգամ փորձել է հակադարձել եւ մեր զբոսաշրջային  գրավիչ պայմաններից խոսել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը` դրա համար ներկայացնելով քննադատության չդիմացող այնպիսի փաստարկ, ինչպիսին Վրաստանի հյուրանոցների գների հետ համեմատությունն է: Ըստ նրա՝ Հայաստանի հյուրանոցների գները 10-15 տոկոսով ավելի էժան են, քան  մեր հարեւան երկրում: Իսկ դիտարկմանն էլ, թե այդ դեպքում ինչու են հայերը գերադասում հանգստանալ Վրաստանում` պատասխանել է. «Որովհետեւ Սեւ ծովը որեւէ կապ չունի Սեւանա լճի հետ: Այն լրիվ ուրիշ տուրիստական ապրանք է, սա` ուրիշ»: Բայց հենց խնդիրն էլ դա է, որ եթե համեմատվում ենք Վրաստանի հետ, որտեղ կա Սեւ ծով, հրաշալի առողջարանային գոտիներ եւ այլն, ուրեմն պիտի հաշվի առնենք, որ, օրինակ, Բաթումի զբոսաշրջային կենտրոնները «լրիվ ուրիշ տուրիստական ապրանք են», քան Սեւանի հնամաշ, առանց սանհանգույցների «դոմիկներն» ու էժանագին մոթելները: Եվ հետեւաբար` գների տարբերությունն էլ պետք է կազմի ոչ թե 10-15, այլ 50-60 տոկոս:
Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին, ապա այստեղ նույնպես պետք է բոլորովին այլ մոտեցում լիներ, քանի որ եթե Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկն ունի բազմաթիվ ճանապարհներ` օդային, ցամաքային եւ ջրային, ապա Հայաստանի դեպքում հիմնական ուղին մնում է օդայինը: Եվ ոլորտը գերակա ճանաչած պետության պատասխանատուները օտարերկրյա դեսպանին հակադարձելու փոխարեն, լավ կանեին՝ նորմալ կերպով վերահսկեին տասնյակ տարի ավիացիայից գերշահույթներ քամած ու համակարգը սնանկացրած մենաշնորհատիրոջը:




Լրահոս