«Սերժ Սարգսյանին կուսակցությունն է ստիպում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ արդեն 4 տարի է, ինչ ինքը ՀՀ երեք նախագահների հանդիպումների հետ կապված հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, սակայն նրանցից ուղիղ պատասխան չի ստանում: Մեր զրուցակիցը հավելեց, որ լինում են միայն միջնորդավորված պատասխաններ, ինչն իր համար շատ տարօրինակ է:

-Պարո՛ն Իսագուլյան, նախօրեին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը այդպես էլ չբացահայտեց իր հետագա քայլերը՝ հավելելով, թե դրա մասին խոսելու է 2017 թ: Դուք բավական երկար տարիներ աշխատել եք Ս. Սարգսյանի հետ, նրան լավ ճանաչում եք, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նա շարունակում հանրությունից թաքցնել իր հետագա ծրագրերը:

-Քանի որ ես հիմա հանդիսանում եմ ՀՀ-ում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչական խորհրդական-խորհրդատու, որոշակի վերապահումներ այդ առումով առկա են: Բայց ասեմ, որ ցանկացած մարդ, ցանկացած պատմական շրջանում որոշումներ կայացնելու իրավունք ունի, ու այն ամենը, ինչ ուրիշներն ասում են նրա փոխարեն, դա մարդը կարող է նաեւ ինքն ասել, բայց կոնկրետ պատմական պահի համար պետք է որ անհրաժեշտություն լինի, որ ինքն իր նախկին որոշումը փոխի, դա տվյալ անձնավորության, տվյալ քաղաքական գործչի, տվյալ պետական այրի բացառիկ իրավունքն է: Ու այս առումով, կարծում եմ, որ որեւէ խնդիր չկա:

-Բայց Ս. Սարգսյանի այս պահվածքը ցույց է տալիս, որ ՀՀԿ առաջնորդը կրկին խաբել է հանրությանը՝ իր որոշումները գաղտնի պահելով ժողովրդից ու մեկ այլ իրողություն հրամցնելով:

-Միանգամայն համաձայն չեմ Ձեր ձեւակերպումների հետ, եթե որեւէ մեկը ինձ կասի շատ կանկրետ, հստակ՝ ի՞նչ խոստում է տվել ու որ խոստումն է դրժել, այդ պարագայում ես կհամաձայնեմ: Ուրիշ բան է, որ կուսակցական գործընկերները որոշակի առումով, ինչ-որ մտքեր իրենք փորձել են հետագայում մեկնաբանել, որոնք ասվել են կուսակցական խորհրդակցության ժամանակ:

-Ս. Սարգսյանը 2014 թ. ապրիլի 10-ին՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդ երկու անգամից ավել իր կյանքի ընթացքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Սա փաստ չէ՞:

-Ցանկացած կուսակցության մեջ, դա կլինի ՀՅԴ-ն, Կոմունիստական կուսակցությունը, դա կլինի ՀՀԿ-ն, կուսակցության անդամը որեւէ խնդրի վերաբերյալ կարող է ունենալ դիրքորոշում, բայց լինելով նաեւ տվյալ կուսակցության անդամ՝ ինքը պարտավոր է կատարել, ենթարկվել կուսակցության որոշումներին: Հիմա կարող է անձնապես մարդը ինքը որոշի, որ ինքը որեւէ պարտավորության տակ չի մտնում, բայց կուսակցությունն է որոշում, որ նա պետք է այդ պատասխանատվությունը կրի: Մարդը լինելով կուսակցության անդամ՝ պետք է կատարի կուսակցության որոշումները, եթե դա քննարկվել է, ու այդ խնդրի կայացման, լուծման համար ընտրվել է հենց ինքը: Այդ դեպքում ցանկացած կուսակցական կա՛մ պետք է վայր դնի իր կուսակցական տոմսը, կա՛մ պետք է կատարի իր կուսակցության որոշումը:

Դա շատ վառ արտահայտված է ՀՅԴ-ում, որտեղ մարդը կարող է հրաժարվել որեւէ խնդրի կատարումից անձնապես, բայց եթե կուսակցությունը որոշում է կայացնում, ինքը կատարում է կուսակցության որոշումը:

-Այսինքն՝ Դուք այն դիրքորոշմա՞ն եք, որ Ս. Սարգսյանին ՀՀԿ-ն է ստիպում՝ քաղաքականությունից չհեռանա՞:

-Միանշանակ այո, մարդը պետք է կատարի իր կուսակցական լիազորությունները: Կարծում եմ, որ բոլոր կուսակցական ծրագրերում հստակ գրված է, որ կուսակցական որոշումները՝ անկախ նրանից, թե դու այդ հարցում ինչ դիրքորոշում ես ունեցել, դու պարտավոր ես ենթարկվել կուսակցական որոշմանը: Այսինքն՝ ՀՀԿ-ն կարող է որոշում կայացնել, իսկ Սերժ Սարգսյանն էլ, որպեսզ կուսակցության անդամ, պարտավոր է կատարել կուսակցության որոշումը` դեմ լինելով որոշմանը: Այդտեղ արտառոց որեւէ բան չկա:

-Պարո՛ն Իսագուլյան, մի քանի ամիս առաջ Դուք ՀՀ երեք նախագահներին անձնական նամակով էիք դիմել՝ առաջարկելով նրանց միմյանց հետ հանդիպել: Ի՞նչ արձագանք եք ստացել նախագահներից:

-Ցավոք, պետք է արձանագրեմ, որ արդեն 4 տարի է, ինչ ես տարբեր նախաձեռնություններով հանդես եմ գալիս, միջնորդավորված որոշակի պատասխաններ ստանում եմ, բայց ուղղակի պատասխաններ առայժմ չկան: Բոլոր իմ առաջարկություններն առնչվել են ազգային, պետական շատ կարեւորագույն խնդիրների հետ, ես համարել ու համարում եմ, որ պետական այրը ե՛ւ պաշտոնավարման ժամանակ, ե՛ւ պաշտոնավարումից հետո որեւէ պարտավորությունից չի ազատվում ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ:

Եթե հարց է առաջանում, որը նշանակություն ունի պետության ու ժողովրդի համար, նա պարտավոր է դրան որոշակի ձեւով արձագանքել: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ցանկացած նախկին պաշտոնյա եւ գործող պաշտոնյաները միմյանց նկատմամբ պետք է ունենան այդ վերաբերմունքը: Ու անհրաժեշտության դեպքում առանց որեւէ հետին մտքի հանդիպեն ու քննարկեն՝ դրան լուծումներ ներկայացնելով: Ես առաջարկել եմ նախագահներին հանդիպել ու ցույց տալ շարքային քաղաքացուն, որ անկախ իրենց ունեցած հայացքներից՝ իրենք՝ որպես նախկին եւ ներկա պետական այրեր, անհանգստանում են պետության, ժողովրդի մասին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս