
Աբովյան քաղաքի հարեւանությամբ կառուցված «Առինջ մոլ»-ը շարունակում է ընդլայնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առեւտրի կենտրոնի տարածքում շինարարական նոր աշխատանքներ են սկսել՝ նոր վաճառակետեր սարքելու համար: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընդլայնման նպատակը Երեւանի «Փեթակ» եւ «Սուրմալու» կոչվող տոնավաճառների, ինչպես նաեւ Գնունիի շուկայի շատ աշխատակիցներին «Առինջ մոլ» տեղափոխելն է: Հիշեցնենք, որ այս առեւտրի կենտրոնը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Առեւտրի կենտրոնի աշխատակիցներին ասվել էր, որ դեկտեմբերի 10-ին տեղի կունենա պաշտոնական բացումը: Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել, թե ինչ ընդլայնման մասին է խոսքը: «Շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, ու գիտեմ, որ այնտեղ լինելու են մոտ 500 առեւտրականներ, լինելու են հիմնականում տնտեսական, շինարարական ապրանքներ: Իսկ կոնկրետ որ առեւտրի կետերի առեւտրականներն են այնտեղ իրենց ապրանքն իրացնելու, նման տեղեկություն չկա»,- պատասխանեց Տոնոյանը: