Հայաստանում այս տարվա առաջին երեք եռամսյակներում արտադրված էլէներգիայի պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս ուղղակի ապշել կարելի է, թե այս ոլորտի գերշահույթներն ինչ աստիճանի են հասել, բայց մարդիկ, միեւնույն է, սակագինը բարձրացրին, իբր թե, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վնասով չգործի:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվության համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին էլէներգիա արտադրող ընկերությունների կողմից ՀԷՑ-ին մատակարարվել է 4 միլիարդ 680 միլիոն 400 հազար կՎտ/ժ էլէներգիա: Նշված էլէներգիայից Հայաստանի ներքին ցանցում սպառվել է 4 միլիարդ 473 մլն 800 հազար կՎտ/ժ-ը: Սակայն առավել ուշագրավն այն է, թե ՀԷՑ-ի սպառած էլէներգիայի որ մասն է կազմում,այսպես կոչված, էլէներգիան: Պարզվում է՝ 4 մլրդ 211 մլն 700 հազար կՎտ/ժ էլէներգիան եղել է, այսպես կոչված, էժան հոսանքը:
Այսպես կոչված՝ էժան էլէներգիայի համար, որը կազմել է ՀԷՑ-ի օգտագործած ընդհանուր հոսանքի 91 տոկոսը, այդ ընկերությունը վճարել է 68 մլրդ 677 մլն 400 հազար դրամ: Սպառված մնացած 9 տոկոս էլէներգիայի համար, որը կազմել է 468 մլն կՎտ/ժ, ՀԷՑ-ը վճարել է 26 միլիարդ 176 մլն 400 հազար դրամ: Ի դեպ, այդ թանկ էլէներգիայի գումարների հիմնական մասը` 21 միլիարդ 751 մլն 100 հազար դրամը, վճարվել է Հրազդանի երկու ՋԷԿ-երին` նրանց կողմից մատակարարված ընդամենը 452 մլն կՎտ/ժ էլէներգիայի դիմաց: Հշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-երի եւ ՀԷՑ-ի սեփականատերերը նույնն են:
Ինչեւէ, ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ՀԷՑ-ն այս տարվա ինն ամիսներին հանրապետության կարիքների համար անհրաժեշտ էլեկտրականությունը մատակարարելիս սպառել է միայն էժան էլէներգիա: Մինչ ՀԷՑ-ի հասույթին անդրադառնալը, նախ նկատենք, որ վերջնական սպառողին առաքվել է 3 միլիարդ 942 մլն 600 հազար կՎտ/ժ-ը էլէներգիա: ՀԷՑ-ի ստացած, բայց սպառողին չհասած էլէներգիան, որը ընդունված է անվանել կորուստ, այս տարվա 9 ամիսներին կազմել է 531 մլն 200 հազար կՎտ/ժ կամ ընդհանուրի 11,9 տոկոսը, սա այն դեպքում, երբ անցած տարի ՀԷՑ-ի կորուստները սովորաբար միշտ կազմում էին միջինը 14 տոկոս: Այսինքն՝ այս տարվա գարնանից սկսված գործընթացը, որի արդյունքում ՀԷՑ-ը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց, եւ այդ ընկերության հասցեին քննադատությունների ու լուտանքների պակաս չէր զգացվում, տվել են իրենց արդյունքը, կորուստներն արդեն իսկ մոտ 2 տոկոսով նվազել են:
Այսպիսով՝ ՀԷՑ-ը սպառողներին առաքված էլէներգիայի դիմաց ստացել է 151 միլիարդ 98 միլիոն դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ միայն ինն ամիսների արդյունքներով ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 56 միլիարդ 244 միլիոն 200 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ այս ընկերության տարեկան ծախսերը կազմում են 24 միլիարդ 255 մլն 920 հազար դրամ, այդ գումարը ներառված է սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագնի մեջ: Այսինքն՝ եթե ՀԷՑ-ի հասույթից հանում ենք նրա տարեկան պլանավորած ծախսերը, ապա տարին դեռ չավարտված՝ միայն ինն ամիսների մաքուր շահույթը կազմել է 31 միլիարդ 988 մլն 280 հազար դրամ: Միջին հաշվարկով ՀԷՑ-ի մեկ եռամսյակի եկամուտը կազմում է մոտ 15 միլիարդ դրամ: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ այս տարվա արդյունքներով այս ընկերության մաքուր շահույթը կկազմի մոտ 46 միլիարդ դրամ կամ մոտ 95 մլն դոլար: Համաձայնեք, որ ՀԷՑ-ն իսկական ոսկեբեր գետակ է:
Սակայն վերը բերված հաշվարկներում մեկ հանգամանք բաց է թողնված, բանն այն է, որ նշված ցուցանիշները հնարավոր է եղել ապահովել այն պայմաններում, երբ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը դեռեւս չէր բարձրացել: Սակագինը բարձրացել է այս տարվա օգոստոսի 1-ից: Այսինքն՝ ինն ամիսներից միայն վերջին երկուսի թվերն են իրենց մեջ ներառում բարձր սակագինը: Ասել կուզի, որ տարվա արդյունքները կարող են ավելի բարձր լինել, քան մեր կանխատեսումներն են: Եթե ՀԷՑ-ի նոր տնօրինությունը շարունակի ընկերության ծախսերը եւ կորուստները կրճատել, ապա ընկերության եկող տարվա եկամուտները կարող են շեշտակի աճել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ