«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ներկայացրեց իր հետընտրական պայքարի հետագա քայլերը: «Անի» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն ասաց, թե ձեւավորում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում, եւ կոչ արեց բոլորին միանալ շարժմանը` մեկ պայմանով, որ պայքարը վեր է կուսակցական շահից:
Նա խոստացավ շարունակել ակտիվ պայքարը` հավելելով, որ սա ոչ թե իր, այլ ժողովրդի պայքարն է: «Պայքարը լինելու է բազմակողմանի, եւ ցանկացած միջազգային ամբիոնից ժողովրդի ձայնը հնչելու է: Այս պայքարը պահանջում է նվիրյալներ, սա նվիրյալների ժամանակն է, եւ այդ ժամանակի մեկնարկը տրված է»,- ասաց նա: Մյուս կողմից, սակայն, Ր.Հովհաննիսյանը նաեւ խոստովանեց, որ ինքը սխալներ է կատարել` առանց քաղաքական հաշվարկների: «Համոզվեցինք, որ ամեն մի քայլ պետք է ճշգրիտ հաշվարկված, կառուցված ու հիմք ունենա: Ժողովուրդը կասեր` յոթ չափել՝ մեկ կտրել: Սա պետք է լինի մեր հետագա գործողությունների հիմքը»,- ապրլի 9-ին դեպի Բաղրամյան պողոտա չստացված երթին զորավար Վլադիմիր Գասպարյանի հետ դեպի Ծիծեռնակաբերդ փոխարինած աղոթքը, իսկ ավելի ուշ` Սիրահարների այգի զբոսանքը հիշեց նա` հավելելով, որ ապրիլի 9-ին կազմ-պատրաստ էին միայն ջրցան մեքենաներն ու զորամիավորումները: Մի խոսքով, Ր.Հովհաննիսյանն այսքանից դասեր է քաղել: «Մենք պարտավոր ենք մտնելու ողջամիտ քայլերի փուլ,-հայտարարեց նա եւ հաթաթա տվեց իշխանություններին,-Բաղրամյան փողոցի համապատասխան հասցեում թող լսեն այս նախադասությունը` անարդարությունը ունի սահման եւ ծավալներ, չուշացնեք, չուշացնեք ձեր ինքնահեռացումը»: Նկատենք, որ երեկ Ր.Հովհաննիսյանը ելույթ էր ունենում գրավոր, ու թերեւս դա էր պատճառը, որ նրա արտաբերած մտքերի իմաստը քիչ թե շատ հասկանալի էր:
«Անի» հյուրանոցի երեկվա հավաքին ներկա էին միայն Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը միացած քաղաքական ուժերը` ՀՅԴ-ից` ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, եւ ՀԱԿ նախկին անդամներ Պետրոս Մակեյանը, Մանուել Գասպարյանը, Սոս Գիմիշյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամներ: Այս հավաքին եկել էր նաեւ ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը: Փոխարենը երեկ հրավիրված չէր նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որի հետ մինչ այդ համատեղ պայքարի էին դուրս եկել:
Երեկվա քննարկման մեջ ուշագրավն այն էր, որ հանդիպման մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձում էր հարթակն օգտագործել իր խնդիրներն առաջ տանելու համար: ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը նախ ասաց. «Ես ուրախ եմ` հենվելով այն սկզբունքի վրա, որ պետք է յոթ չափենք` մեկ կտրենք, նոր առաջ գնանք»: Այնուհետեւ հայտարարեց խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կարեւորության մասին: «Համոզված եմ, որ մեր չարիքների չարիքը, որից պետք է ազատվենք, միահեծան իշխանությունն է, որն այնքան օտարվեց ժողովրդից, որ մենք ունենք մի աներեւակայելի վիճակ, որի մասին անկախության տարիներից պատկերացնել անգամ չէինք կարող»,- ասաց նա:
Իսկ ահա ՀԱԿ նախկին անդամ Պետրոս Մակեյանի ելույթը նվիրված էր իր նախկին առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը. առիթն էլ ՀԱԿ համագումարում առաջին նախագահի հայտարարությունն էր ՀՀ-ում բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու եւ այդ հարցում ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասին: Ուշագրավն այն է, սակայն, որ Պետրոս Մակեյանը քննադատում է ԲՀԿ-ի հետ համագործակցելու Տեր-Պետրոսյանի մոտեցումը, փոխարենը չի խոսում այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում սատարում է ինքը, նախագահական ընտրություններից հետո համագործակցության նպատակով հանդիպել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ քաղխորհրդի անդամների հետ` ավելի քան 3 ժամ քննարկում անցկացնելով:
ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանն էլ ասաց, թե ինքն այդ հավաքին ներկայացնում է անձամբ իրեն: Ըստ Իգիթյանի` «Սերժ Սարգսյանը նստած Բաղրամյան 26-ում, հասկանում է, որ եւս հինգ տարի Հայաստանը չի դիմանա: Իսկ Հայասատանը դատարկվում է, մարդիկ ասում են` այս երկրում ես չեմ ապրելու»,- ասաց նա:
Տեսնենք, թե ինչ ուժեր կմիանան շարժմանը:
ՀԻՄԱ ԷԼ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՇԱՐԺՈՒՄ ԿԼԻՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ