Շոու-բիզնեսում և դրանից դուրս ինձ հիասթափեցնում է անարդարությունը. Դալիթա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկական եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Դալիթա Ավանեսյանը, ով վերջերս դարձավ իտալական հանրահայտ Verdinote 33-րդ մրցույթի հաղթողը, «Ժողովուրդ»-ին պատմել է, թե այդ մրցույթն իր առջեւ ինչ նոր դռներ է բացել: 16-ամյա երգչուհին, ով արդեն 10 տարի է` բեմում է, երգել է մի քանի ֆիլմերի սաունդթրեքերում, որոնց պրեմիերաները կկայանան հաջորդ տարի:

-Դալիթա՛, պատանեկությունից արդեն աստիճանաբար տեղափոխվում ես երիտասարդություն. ստեղծագործական կյանքի այս փուլում երգերիդ թեմաները չե՞ս լրջացնում:

-Ես ունեմ նոր երգեր, որոնք ստեղծման փուլում են, դրանք հանդիսատեսին կներկայացնեմ հաջորդ տարի: Իսկ թեմաները, այո, արդեն լրջանում են, իտալական Verdinote 33-րդ մրցույթին ներկայացրածս երգն, օրինակ, կոչվում է «Սերն անվերջ է» («Amore Non Avra’ Fine»): Այնպես որ, արդեն սիրային թեմայով երգեր եմ երգում:

1

-Իտալական այդ մրցույթում գրանցածդ հաղթանակն ի՞նչ նոր դռներ բացեց քո առջեւ:

-Դրանից հետո ես մի շարք այլ հրավերներ ստացա, օրինակ` Մալթայից, Շվեյցարիայից հրավիրել են մասնակցելու նմանատիպ մրցույթների: Դրանք երգչուհու կարիերայում, միանշանակ, կարեւոր դեր ունեն, նոր ձեռքբերումների հնարավորություն են ընձեռում:

-«Մանկական Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացնելուց հետո քեզ հաջողվեց ճանաչում վայելել, հիմա, երբ արդեն փորձում ես հաստատվել երգարվեստում, ոճական, ժանրային առումով ինքդ քեզ գտե՞լ ես: Իսկ դու երգեր գրո՞ւմ ես:

-Այո, միանշանակ, փոփն է ինձ հոգեհարազատ ժանրը, ինքս ինձ փորձել եմ նաեւ ջազում, սակայն գտել եմ փոփում: Ես երգերի խոսքեր եմ գրում, իմ մի շարք երգերի բառերի հեղինակը հենց ես եմ, ի դեպ, երաժշտություն էլ ունեմ գրած, բայց դեռ չեմ հրապարակում:

Կցանկանայի տեղեկացնել նաեւ, որ երկու նոր ֆիլմերի սաունդթրեքերում եմ երգել, դրանց պրեմիերաները տեղի կունենան 2016-ին. մեկը Հայոց ցեղասպանության թեմայով կինոնկար է, իսկ մյուսը երաժշտական կատակերգություն է: Առաջին ֆիլմի երաժշտության հեղինակը Էդմոն Մակարյանն է, երկրորդինը` Արմեն Վիրաբյանը:

-Մեր շոու-բիզնեսում կա՞ն երեւույթներ, որոնց հետ այդպես էլ չես հաշտվել:

-Ամենավատն այն է, որ շատ քիչ համերգներ են կազմակերպվում, այն էլ առիթից առիթ: Կցանկանայի հաճախակի համերգներով հանդես գալ, ինչպես արտասահմանցի արտիստները:

2

-Եղե՞լ են պահեր, որ խոչընդոտների հանդիպելով` հուսահատվես, հիասթափություն ապրես…

-Մեկ-մեկ լինում են նման բաներ. ոչ միայն շոու-բիզնեսում, այլեւ, առհասարակ, կյանքում, ինձ հիասթափեցնում է անարդարությունը, բայց այդ պահերից հետո, սովորաբար, ամեն բան իր տեղն է ընկնում:

-Դալիթա՛, այս տարիքում ճանաչվելն ի՞նչ դժվարություններ է առաջ բերում:

-Նախկինում դա ինձ համար անսովոր էր, նեղվում էի, որ մարդիկ անընդհատ ինձ են նայում, բայց հիմա արդեն այդ ամենին սովորել եմ:

-Հայտնի դառնալուց հետո պետք է որ տղաները պտտվեն քո շուրջը, երեւի երկրպագուները շատացել են…

-Այո, դրանից հետո նրանց թիվը կրկնապատկվեց, ինչը բնական է: Երկրպագուներս միշտ հաճելի անակնկալներ են մատուցում ինձ, դռանս առջեւ նվերներ, ծաղիկներ են թողնում, իսկ ես այդ ամենին ժպիտով եմ մոտենում…

4

-Հիմա քո առջեւ ի՞նչ կարեւոր նպատակ ես դրել, որն ուզում ես անպայման իրականացնել:

-Ինձ համար կարեւոր է, որ երգերս հրապարակվեն նաեւ արտերկրում, օրինակ` իտալական մրցույթում ներկայացրածս երգը արտասահմանում հնչելու է իտալերենով եւ անգլերենով: Այնպես որ, մարդիկ ինձ կլսեն նաեւ Հայաստանից դուրս…

Աննա Բաբաջանյան




Լրահոս