Մի խումբ երիտասարդ երգիչներ փորձ են արել մատուցել ժողովրդական երգը ժամանակակից հնչողությամբ, այն դարձնել ավելի մատչելի ու սիրելի երիտասարդ սերնդի համար: Հեռուստադիտողներին արդեն հայտնի «Ժողովրդական երգիչ», «Իքս ֆակտոր», «Հայ սուպեր-սթար» նախագծերից հարազատ դարձած մասնակիցներն առաջիկայում կփորձեն կոտրել այն տարածված կարծրատիպը, թե ժողովրդական երգի լսարանը կազմում են 35 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անձինք:
Սեւակ Ամրոյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գեւորգյանը, Եվա Թաշչյանը, Վահե Մարգարյանը եւ այլք հանդես կգան «Ժողովրդական երգ. նոր սկիզբ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Համերգի ռեժիսոր Աննա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագիրը, կարծես, «Ժողովրդական երգիչ» նախագծի բոլոր եթերաշրջանների ամփոփումն է. «Եթե նախագծի առաջին եւ երկրորդ եթերաշրջաններն ուղեկցվում էին դասական ժողովրդական նվագարաններով, ապա երրորդ եթերաշրջանում ավելացան կիթառն ու դաշնամուրը, չորրորդում` նաեւ ժամանակակից եվրոպական գործիքներ: Մենք նպատակ ունենք ժողովրդական երգին նոր շունչ հաղորդել, ուստի համերգում ընդգրկել ենք նաեւ այլ նախագծերի ֆինալիստների, որոնք երգերը կատարում են ոչ դասական եղանակով»:
Նրա խոսքով` քանի որ սա ժողովրդական երգը նորովի մատուցելու իրենց առաջին փորձն էր, իրենք էքսպերիմենտների առումով ավելի զգույշ են եղել` պահպանելով երգերի հիմնական մեղեդին. «Մենք հոկտեմբերին ունեցանք փակ դիտում, հրավիրեցինք արվեստագետների եւ ժողովրդական երգի մասնագետների, ներկայացրինք մեր ծրագիրը, լսեցինք իրենց կարծիքները: Հետո հասկացանք, որ էքսպերիմենտների առումով կարող էինք ավելի համարձակ լինել, երկրորդ համերգին, գուցե, դա իրականացվի»,-պատմեց ռեժիսորը` հավելելով, որ երգերի նորովի գործիքավորումներն արել են Գիսանե Պալյանն ու Միքայել Մաիլյանը:
Ի դեպ, դեկտեմբերի 13-ին Երեւանում կայանալիք համերգին արդեն հասցրել է նախորդել այս թիմի երկու համերգ ԱՄՆ-ում: 10 երգիչ՝ 5 զույգ կազմած, հիմնականում ներկայացրել են սիրային երգեր. «Թեեւ ԱՄՆ-ի հայ հանդիսատեսն ավելի պահպանողական է, մարդկանց շատ դուր եկան մեր երգիչների կատարումները:
Մեզ համար մեծ անակնկալ էր, որ վերջում երգիչներին մոտեցավ մի կին ու սկսեց շնորհակալական խոսքեր ասել. պարզվեց` նա Սերժ Թանկյանի մայրն է: Այդ կինը խոստովանեց, որ մեր երիտասարդ երգիչների երկրպագուն է: Վերջիններս էլ իրենց հիացմունքի խոսքերն արտահայտեցին նրա որդու մասին»,-պատմեց ռեժիսորը: Նա նաեւ հավելեց, որ Երեւանում կայանալիք համերգն առանձնանալու է նաեւ ժամանակակից շոուների պահանջներին համապատասխանող լուսային էֆեկտներով, բեմի ձեւավորմամբ:
Աննա Բաբաջանյան