ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՏ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ
Ապրիլի 19-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլյա Մալմստրոմը եւ ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը: Թեեւ այդ համաձայնագրի կնքումը նախատեսված էր արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացի շրջանակներում, այդուհանդերձ, այդ պայմանագրի ստորագրումը ներկայիս ահագնացող արտագաղթի պայմաններում կարող է լուրջ դերակատարում ունենալ եվրոպական երկրներից ապօրինի միգրանտներին Հայաստան վերադարձնելու հարցում:

ԴԱՇԻՆՔԸ ԿՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆԱ՞
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը երեկ հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կճշտվի «Հայ ազգային կոնգրես»-ի կուսակցությունների միավորման կազմը. «Հույս ունեմ, որ «Այլընտրանք»-ը եւ «Ազատություն»-ը կվերադառնան, Ստեփան Դեմիրճյանը վստահեցրել է, որ շարունակում է  մնալ ՀԱԿ-ի կազմում։ Նպատակը մեկն է՝ համատեղված գործել»: Նա շեշտել է, որ անձամբ խոսել է Արամ Սարգսյանի, Վաղարշակ Հարությունյանի, Լիբերալ կուսակցության հետ: Զրուցել է նաեւ Հրանտ Բագրատյանի հետ, որն ասել է, թե այժմ սառեցրել է իր հարաբերությունները ՀԱԿ-ի հետ, բայց երբ սկսեն գործունեությունը, որոշում կկայացնի՝ միանալ իրենց, թե դուրս գալ ՀԱԿ-ից: Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել է Պետրոս Մակեյանը, նա եւս նորմալ է վերաբերում ՀԱԿ դաշինքի գործունեությունը վերսկսելու նախաձեռնությանը:

ՎԻՐԱՀԱՏԵՑԻՆ
NEWS.am-ի հաղորդմամբ` ապրիլի 18-ին Բրյուսելի հիվանդանոցներից մեկում կատարված ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի  վիրահատությունը հաջող է անցել:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿՀՐԱՎԻՐԵՆ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  «Հարսնաքար»-ի գործով երեկվա դատական նիստում տուժող կողմի ներկայացուցիչները նշել են, որ իրենք  կողմ են, որպեսզի  դատարան հրավիրվի Ռուբեն Հայրապետյանը, քանի որ, ըստ նրանց, Ռ. Հայրապետյանը տեղյակ է եղել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, եւ ովքեր են հրահրել: Տուժողի իրավահաջորդների համոզմամբ` Հայրապետյանը հստակ տիրապետում է կատարվածին:

ՀՂՓԱՑԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Մոսկվայից մեր հայրենակից Ժիրայր Թադեւոսյանը shamshyan.com-ին հայտնել է, որ իր բարեկամներից մեկը` Արտակ Հակոբյանը, գնացել է ՌԴ-ում Հայաստանի հյուպատոսարան եւ մուտքի մոտ տեսել երիտասարդ մի հայ կնոջ մանկահասակ երեխայի հետ, ում չեն թույլատրել երեխային իր հետ բերել Հայաստան` հոր հուղարկավորությանը մասնակցելու: Նա, փորձելով օգնել կնոջը, ներգրավվել է խոսակցության մեջ, որի ժամանակ Մոսկվայում ՀՀ  հյուպատոս Գարիկ Մելիքսեթյանն անձամբ դուրս է եկել շենքից, մոտեցել Հակոբյանին ու հրավիրել իր աշխատասենյակ: Քաղաքացու պնդմամբ՝ իր աշխատասենյակում հյուպատոսը  ծեծի է ենթարկել 60-ամյա Արտակ Հակոբյանին, վերցրել անձնագիրը, բջջային հեռախոսը, դրամապանակը` 32.000 ռուբլի գումարով, եւ ահաբեկելով դուրս հրավիրել հյուպատոսարանից: Հակոբյանն առանց գումարի ու կապի միջոցի ոտքով գնացել է տուն, որի արդյունքում հիվանդացել է ու այժմ թոքերի բորբոքումով գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում:




Լրահոս