Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո «Մոսկվա» կինոթատրոնի տարածքն ամբողջությամբ քանդվեց վերանորոգելու նպատակով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կինոթատրոնի բակում՝ աստիճանների ներքեւի հատվածում, 4 ռեժիսորների՝ Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Համո Բեկնազարյանի եւ Ռուբեն Մամուլյանի պատվին տեղադրված աստղերն այդ աշխատանքների պատճառով հանվել են, եւ տեղում նոր սալիկներ են «տեղադրվել»: Որտե՞ղ են հոլիվուդյան աստղերին նմանվող մեր «գետնային» աստղերը:
Դեռեւս 2010թ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնի բակում ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Համո Բեկնազարյանի եւ Ռուբեն Մամուլյանի պատվին գետնի վրա ոսկեգույն աստղեր տեղադրվեցին: Իսկ օրերս, երբ նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվեց, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը որոշեց կինոթատրոնի բակն ամբողջությամբ սալիկապատել: Արդյունքում՝ Աբովյան փողոցի մայթեզրերի հետ միասին կինոթատրոնի բակն ամբողջությամբ քանդվեց: Որոշ ժամանակ հետո շատ «օպերատիվ» ձեւով կինոթարտոնի բակը եւ մայթեզրերը սալիկապատվեցին, սակայն այն աստղերը, որոնք տեղադրվել էին ռեժիսորների պատվին, անհետացան:
«Ժողովուրդ»-ը զրուցեց «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե որն է եղել այդ աստղերը հանելու պատճառը: Վերջինս մեզ հավաստիացրեց, որ աստղերը կրկին կտեղադրվեն փառատոնի մեկնարկից առաջ՝ հունիսի վերջին: Դրանց կավելանա նաեւ 5-րդ աստղը` Շառլ Ազնավուրի պատվին, որի բացումը կլինի հուլիսի 7-ին:
Մեր հավասատի տեղեկություններով, սակայն, այդ աստղերը հանվել են վատ որակ ունենալու պատճառով. գունաթափվել եւ մաշվել էին անցուդարձի հետեւանքով: Սակայն Խաչատրյանը նշեց, որ պատճառը միայն վերանորոգումն է. «Աստղերի որակը վատը չէր, դե մի քիչ մաշվել էին, մի քիչ տառերը ծռվել էին, բայց դա շատ ավելի գեղեցիկ էր: Մեկ-մեկ էլ փչացնում են: Երբ առաջին տարին նոր էինք դրել, մեկը փչացրեցին, կտրատեցին ինչ-որ բաներով, մենք ստիպված եղանք նորից սարքել: Բայց դա խնդիր չէ, որովհետեւ այդ աստղերը ոտքերի տակ են, անընդհատ քայլում, անցնում են»:
«Ժողովուրդ»-ը եղավ նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում, որտեղ բանվորներից տեղեկացանք, որ այդ աստղերը «քայքայվել» էին, ինչի պատճառով էլ իրենց ասել են, որ դրանք տարածքից հեռացնեն: «Մեզ ասել են՝ հանե՛ք, մենք էլ հանել, դրել ենք մի կողմի վրա: Ինչքան գիտենք, տարել տվել են, որ նորը սարքեն, հետո բերեն, նորից տեղադրեն»,-նշեցին մեր զրուցակիցները: Բանվորներից տեղեկացանք նաեւ, որ աստղերը կրկին տեղադրելու համար իրենք պետք է նոր տեղադրված սալիկները քանդեն, կտրեն: Այս իրավիճակը հիշեցնում է Երեւանի ասֆալտապատման գործընթացը: Երեւանի քաղաքապետարանը ասֆալտ է փռում, մի քանի օր անց պարզվում է, որ դրա տակի խողովակները «ծակ են», ինչի արդյունքում «Հայջրմուղ»-ը քանդում է նոր ասֆալտն ու կարկատան անում:
Զրուցեցինք նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի տնտեսվարի հետ: Վերջինս ասաց, որ այդ աստղերը մաշվել էին ու այժմ վերականգնման փուլում են գտնվում: Մեր հարցին, թե երբ են դրանք վերականգնելու, տնտեսվարը պատասխանեց. «Մինչեւ մայիսի վերջ, կարող է դրանից շուտ էլ լինի, ինչքան գիտեմ՝ նույն տեղում կտեղադրվեն: Դե պիտի բալգարկով կտրեն էդ նոր սալիկները, տեղադրեն, հեշտ բան է, մի՛ անհանգստացեք, էլի նույն տեղում կդնեն»:
Փաստորեն, մեր երկրում ամեն մեկն անում է այն, ինչ իր սիրտն է կամենում: Համակարգված մտածողություն չկա: Եվ, ինչպես ասում են, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Իրարից անտեղյակ` ինչ-որ բան են սարքում, իսկ որոշ ժամանակ հետո քանդում` հիշելով, որ այդ հատվածում ժամանակին այլ բան է տեղադրված եղել: Սա է Հայաստանի իրական պատկերը: Դրա համար էլ մինչեւ այսօր ոչ մի բան իր տեղում չէ, ու, հետեւաբար, սիրուն չէ:
ՍԱԼԻԿԱՊԱՏՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ՔԱՆԴՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ