ՁՎԵՐԻ ԽԱՉԻԿԻ ՎՃԻՌԸ՝ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Նաիրա Ավետիսյան) քննվեց «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացրել Խաչիկ Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի տված հարցին այսպիսի վիրավորական պատասխան էր տվել. «Գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ… ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես: Էդ էլ կարաս գրես»:
Երեկվա նիստի ժամանակ նախ «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հերթական անգամ ներկայացրեց հայցի պահանջը, այն է՝ Խաչիկին պարտադրել ներողություն խնդրել լրագրողից եւ օրաթերթից: Աթանեսյանը բացատրեց, որ լրագրողը կատարել է իր աշխատանքը, զանգահարել է գործարարին եւ հարց ուղղել: Իսկ Խ. Խաչատրյանը պատասխանի փոխարեն վիրավորել է լրագրողին` նրան անվանելով «պրաստիտուտկա»՝ հորդորելով դա եւս տպագրել: Խոսակցությունը ձայնագրված է:
Բնականաբար, Խաչիկի ներկայացուցիչները առարկեցին, թե «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն պատշաճ հայցվոր չէ, բացի այդ, Խ. Խաչատրյանի խոսքերը չեն եղել հրապարակային, հետեւաբար վիրավորանք չի կարելի դիտարկել: Հ. Եգանյանը փորձում էր ամեն կերպ արդարացնել գործարար Խաչիկ Խաչատրյանի վարքը եւ ոչ բարեխիղճ համարել լրագրողի գործունեությունը: Նրա փաստարկներով՝ հրապարակային չի եղել վիրավորանքը, հետեւաբար պատժելի չէ:
Սա նշանակում է, որ այսօրվանից սկսած՝ յուրաքանչյուր մարդ կարող է զանգահարել Խաչիկին եւ նրան անվանել «պրաստիտուտկա»՝ մնալով անպատիժ, քանի որ հեռախոսային խոսակցությունը հրապարակային վիրավորանք չի համարվում:
Սակայն «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչը բացատրեց դատարանին, որ Խաչիկը նախապես իմացել է, որ խոսակցությունը ձայնագրվում է, հետեւաբար ենթակա է հրապարակման, քանի որ նախորդ օրվա խոսակցությունը եւս հրապարակվել է: Այսինքն՝ լրագրողը չէր զանգահարել Խաչիկի ողջությունը հարցնելու, որ նա էլ համարեր անձնական խոսակցություն եւ իրեն պահեր խուլիգանի պես:
Երեկվա նիստի ժամանակ ուշագրավն այն էր, որ երբ «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ  Տ. Աթանեսյանը հարց ուղղեց Եգանյանին, թե վիրավորանք չէ երիտասարդ աղջկան ասել «պրաստիտուտկա», Խաչիկի փաստաբանը տրամաբանությունից դուրս պատասխան տվեց: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, աթոռից չընկնեք. նա ասաց, թե «պրաստիտուտկա» բառը վիրավորանք չէ:
«Այսինքն՝ ցանկացածը կարող է դիմացինին ասել պրաստիտուտկա եւ դա վիրավորանք չհամարե՞լ»,-հարցրեց Տ. Աթանեսյանը: Ի պատասխան նրա հարցին՝ գործարարի պաշտպանը նշեց. «Եթե ինձ ասեն պրաստիտուտկա, կասեմ՝ դու ես»: «Բա եթե վիրավորանք չէ, ինչո՞ւ կասեք՝ դու ես». այստեղ Եգանյանը լռեց:
Նշենք նաեւ, գործարարի պաշտպանը ամեն կերպ ցանկանում էր լրագրող Սոնա Գրիգորյանից պարզել՝ նա ինչ շփում է ունեցել Խ. Խաչատրյանի հետ, արդյոք մինչ այդ ճանաչել է: Սոնան էլ պատասխանեց, որ ընդամենը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել եւ հարցեր է ուղղել գործարարին, երկու անգամ էլ զրույցի մանրամասները հրապարակվել են:
Եվ այսպես, դատարանը, լսելով կողմերին, հայտարարեց, որ մյուս դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին: Այդ օրը կհրապարակվի դատավճիռը: Տեսնենք, թե ինչ կթելադրի տիկին դատավորի խիղճը:
Տեսանյութը www.armlur.am կայքէջում

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս