ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՆԱԲԱՐՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում հանցագործության դեմ պայքարում են ընտրովի: Եթե կողմերից մեկը պաշտոնյա է կամ գործարար, ապա միանշանակ է, որ հաղթողը նա պետք է լինի, իսկ թե ճշմարտությունը որ ատյանում կբռնաբարվի, դա արդեն որեւէ մեկին չի հետաքրքրում: Գլխավորը՝ «աղաները» չզայրանան:
Հիմա փորձենք ասվածն առավել առարկայական հարթություն բերել: 2011-ի հոկտեմբերի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի դպրոցի ուսուցչի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած Աննա Թորոսյանից ահազանգ ստացավ այն մասին, որ դպրոցի մրցույթի ելքն արդեն կանխորոշված է: «Ժողովուրդ»-ը, անմիջապես արձագանքելով ահազանգին, հասավ Թթուջուր, որտեղ հենց դպրոցի տնօրենի աշխատասենյակում Աննա Թորոսյանը տնօրենի ներկայությամբ հայտարարեց, որ իր մրցակից թեկնածուից Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով արդեն 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել, եւ մրցույթի ելքը կանխորոշված է: Նշենք, որ այս խոսակցությունը ձայնագրվել է, եւ Աննա Թորոսյանը մի քանի անգամ ձայնագրության մեջ կրկնում է. «Այո՛, ես չեմ վախենում, ասում եմ. մարզպետը կաշառքը վերցրել է, ու ես չեմ դառնա ուսուցիչ»: «Ժողովուրդ» օրաթերթն էլ հրապարակումից առաջ զանգահարեց Պողոսյանին՝ պարզելու՝ կաշառք վերցրել է, թե ոչ: Վերջինս, բնականաբար, ասաց, որ նման բան չկա: Մենք էլ, երկու կողմերի խոսքերը մեջբերելով, հրապարակեցինք հոդվածը:
Թվում էր, թե այս հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը եւ, վերջապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին՝ պարզելու, թե ինչքանով են իրական Ա. Թորոսյանի պնդումները: Եթե դրանք ճիշտ էին, ապա պետք է Նվեր Պողոսյանը հայտնվեր ճաղերի հետեւում, իսկ եթե ստում էր Աննան, ապա նա պետք է պատժվեր սուտ մատնության համար: Այս դեպքում երրորդ տարբերակ չկար: Բայց ի՞նչ արեցին հայրենի իրավապահները:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված համապատասխան գրության հիման վրա Ա. Թորոսյանը հրավիրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ոստիկանություն, որտեղ նրան սպառնացին հերքել ասածը: Այնուհետեւ նրան հրավիրեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչություն: Արդյունքում՝ ոչ թե Ն. Պողոսյանը պատասխանատվության ենթարկվեց, այլ Ա. Թորոսյանը լացելով եկավ խմբագրություն ու խնդրեց օգնել իրեն, որպեսզի ազատվի իրավապահների շանտաժներից:
Այս ընթացքում Ն. Պողոսյանը վազեց դատարան՝ խնդրելով «Ժողովուրդ» օրաթերթին պարտադրել տպագրել հերքում եւ որպես փոխհատուցում բռնագանձել 2.2 մլն ՀՀ դրամ: Արդյունքում՝ հակամարտող երկու կողմերից մեկին պատժելու փոխարեն Հայաստանի արդարադատությունը նախադեպային որոշում կայացրեց եւ որոշեց պատժել մասնագիտական պարտականությունը կատարած, ամբիոնի դեր ստանձնած «Ժողովուրդ» օրաթերթին:
Հարկ է ընդգծել, որ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ «Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին»:
«Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես միշտ, այս դեպքում եւս գործել է օրենքի տառին համաձայն. ձայնագրել է քաղաքացուն եւ մարզպետին, բարեխիղճ վերարտադրել նրանց խոսքերը՝ կատարելով տրամաբանական եզրահանգումներ: Ավելին, դատարանում եւս լսվել է ձայնագրությունը:
Սակայն Հայաստանի «ամենաանկախ դատարանը»՝ ի դեմս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանի, որոշեց, որ «Ժողովուրդ» օրաթերթը սխալ է գործել, քանի որ հրապարակելուց առաջ պատշաճ կարգով չի պարզել իրականությունը: Ուստի մարզպետից պետք է ներողություն խնդրի եւ վճարի նրա արժանապատվության գինը՝ 100 հազար դրամ, եւ 100 հազար դրամ էլ՝ Նվերի փաստաբանների գումարը: Հետաքրքիր է՝ դատավորը մարմնի ո՞ր մասով է մտածել, որ նման եզրակացության է եկել. ի՞նչ պետք է աներ թերթը. փողերի վրա նշան աներ, տաներ տար մարզպետին որպես կաշառք, որ ստուգե՞ր, թե՞ ոստիկանության փոխարեն ցանկալի ցուցմունքներ կորզեր կողմերից: Կարծում ենք՝ բանականությունը գործի դնելու դեպքում դատավորը նման վճիռ չէր կայացնի:
Բայց եղածը եղած է, վճիռը կայացվեց, որը «Ժողովուրդ» օրաթերթը բողոքարկեց վերաքննիչ դատարանում: Սակայն այստեղ որոշեցին, որ Թամրազյանի որոշումը ճիշտ է: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդհանրապես վարույթ չընդունեց մեր բողոքը: Նախօրեին էլ «Ժողովուրդ»-ը ստացավ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումը կատարողական վարույթ հարուցելու մասին: Սա նշանակում է, որ մենք պետք է մարզպետին վճարենք 200 հազար դրամ եւ տպագրենք հերքման տեքստ: Բնականաբար, «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է պնդել, որ դատարանը կայացրել է անարդար վճիռ, եւ «Ժողովուրդ»-ը չպետք է հանդես գար պատասխանողի դերում:
Որպես վերջաբան՝ փաստենք, որ Հայաստանում իսկապես ծուռ հայելիների թագավորություն է. երկու կողմերի մեղադրանքները լուսաբանողին պատժում են, իսկ մարզպետից վախեցած կամ շահագրգռվածություն ունեցած իրավապահները շարունակում են գործել նույն անպատասխանատվությամբ: Մինչդեռ Սերժ Սարգսյանը խոսում էր խոսքի ազատությունից, գլուխ էր գովում, թե մամուլն ավելի անխոցելի է, եւ, վերջապես, մենք բոլորս ապրում ենք ապահով Հայաստանում: Սա՞ է ապահով Հայաստանը:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս