Երեկ «Հայ ազգային կոնգրես»-ի երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի մոտ` պահանջելով հրապարակել «Երեւան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերը, վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքներն ու պատժել օրինազանց պաշտոնյաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: «Տարոն հանցագործ», «Ազատ Երեւան», «Զրկենք ՀՀԿ-ին Երեւանից» եւ «Տարոն, ատկատ եղիր» վերտառությամբ ցուցապաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները մոտեցան քաղաքապետարանին: Սակայն ոստիկանությունը հերթական անգամ փորձեց խոչընդոտել նրանց` թույլ չտալով մոտենալ քաղաքապետարանին: ՀԱԿ վարչության անդամներից Արեգ Գեւորգյանը հորդորեց բացել ճանապարհը. «Ձեր բթամտության մասին բոլորը վաղուց քաջատեղյակ են, ինչո՞ւ եք խոչընդոտում մեր ճանապարհը»: Երբ ոստիկաններից մեկն ասաց, թե նրանք խանգարում են անցորդների ազատ տեղաշարժը, Գեւորգյանը բացատրեց, որ այս ակցիան նախընտրական քարոզարշավի շրջանակներում է անցկացվում, եւ մասնակիցների մեծ մասը ավագանու թեկնածուներն են: Ոստիկանների ու ցուցարարների միջեւ տեղի ունեցավ քաշքշուկ, որը, սակայն, շատ արագ կանխվեց: Կրքերը թեժացան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջամտությունից հետո. ըստ Օսիպյանի` ՀԱԿ ակտիվիստներն իրենց ակցիայով խանգարում են քաղաքապետարանի բնականոն գործունեությունը, եւ այդ մասին իրենց ահազանգել են քաղաքապետարանից: ՀԱԿ ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը բացատրեց, որ ակցիայի նպատակն է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պարզաբանում ստանալ, թե նրան որտեղից հայտարարագրում նշված 6 մլն դրամը, եւ ինչ գումարներով է նա ձեռք բերել իր առանձնատները: Ըստ Կարապետյանի` այս ամենը կոռուպցիայի ու «ատկատների» ակնառու օրինակ է, միայն թե որեւէ մեկը չի պայքարում դրա դեմ:
Հետո Օսիպյանը փորձեց թույլ չտալ, որ ՀԱԿ երիտասարդները հայտարարությունը հնչեցնեն բարձրախոսով: Ավագանու թեկնածուներից Տիգրան Տեր-Պետրոսյանի եւ Օսիպյանի բանակցությունների արդյունքում խնդիրը լուծվեց. Արեգ Գեւորգյանն ընթերցեց հայտարարությունը, որից հետո ակտիվիստները երթով հեռացան:
Հ.Գ. Ի դեպ, «Երեւան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ օրերս Երեւանի քաղաքապետարան է դիմել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն առ այսօր որեւէ պատասխան չի ստացել:
ԸՆԴԴԵՄ ՏԱՐՈՆԻ ԵՎ «ԱՏԿԱՏՆԵՐԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ