Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում մրցելու են «Ֆեներբահչե»-«Բենֆիկա», «Բազել»-«Չելսի» զույգերը:
«Ժողովուրդ»-ի խնդրանքով թիմերի հնարավորությունների մասին կարծիք հայտնեց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
-Շվեյցարական «Բազել»-ի՝ կիսաեզրափակչում հայտնվելն ուղղակի շատ մեծ անակնկալ էր, ընդ որում, այդ թիմը բավական ուժեղ ու ճանաչված մրցակիցների է ասպարեզից հանել: Իհարկե, այս դեպքում վստահորեն կարելի է ասել, որ ֆավորիտը «Չելսի»-ն է` Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության հաղթողը: Դուրս մնալով այս խաղարկության մրցաշարից, բայց հաղթելով Եվրալիգայում` հզոր կազմ ու ֆինանսներ ունեցող թիմը կարող է փրկել մրցաշրջանը, որովհետեւ Անգլիայի առաջնությունում էլ հաջող հանդես չեկավ: Ինչ վերաբերում է «Ֆեներբահչե»-«Բենֆիկա» զույգին, ապա չեմ համարձակվի որեւէ մեկին նախապատվություն տալ: Թուրքական թիմերը վերջին տարիներին շատ մեծ գումարներ են ծախսում եւ աշխարհահռչակ անվանի ֆուտբոլիստների ընդգրկում իրենց թիմերում: Այնպես որ, այդ թիմը պատահական չի հայտնվել կիսաեզրափակչում, ինչպես, օրինակ, «Գալաթասարայ»-ն էր հասել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ ու նույնիսկ սեփական հարկի տակ հաղթել «Ռեալ»-ին: «Բենֆիկա»-ն էլ պորտուգալական ամենաճանաչված թիմերից է, որոնք սեփական հարկի տակ ցանկացած մրցակցի կարող են հաղթել լավ հաշվով: Այնպես որ, այս զույգում ամեն ինչ հնարավոր է:
-Ոմանք ասում են, որ Եվրալիգան արդեն սպառել է իրեն, նրա նկատմամբ նախկին հետաքրքրությունը չկա: Դո՞ւք էլ եք այդ կարծիքին:
-Իհարկե, նման բան կա. բոլոր դեպքերում Չեմպիոնների լիգային մասնակցում են երկրների չեմպիոնները, ֆուտբոլային հինգ առաջատար երկրների գրեթե բոլոր առաջատար թիմերը` մրցանակակիր եռյակը, նույնիսկ չորրորդ տեղը զբաղեցրած թիմը:
-Բայց չմոռանանք, որ խմբային մրցաշարում անհաջող հանդես գալու դեպքում այդ նույն թիմերը կարող են հայտնվել Եվրալիգայում:
-Այո՛, այդպես եղավ, օրինակ, «Չելսի»-ի դեպքում: Ընդհանրապես, Չեմպիոնների լիգան ամբողջ աշխարհում աննախադեպ մրցաշար է, որը նույնիսկ կարելի է համեմատել աշխարհի առաջնության, ընդ որում, առաջնության վճռական փուլի, ասենք՝ քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ, եզրափակիչ հանդիպումների հետ, իսկ խմբային մրցաշարում էլ` աշխարհի ուժեղագույն հավաքականների հանդիպումների հետ: Եվրալիգան, բնականաբար, զիջում է Չեմպիոնների լիգային, բայց փաստ է, որ ՈՒԵՖԱ-ն, հատկապես նրա նախագահ Միշել Պլատինին, ամեն ինչ անում է, որպեսզի Եվրալիգայի հեղինակությունն էլ բարձրանա, եւ ոչ միայն Չեմպիոնների լիգայից, այլեւ այդ մրցաշարից էլ շատ գումար վաստակեն: Ու ամեն ինչ արվում է այդ նպատակին հասնելու համար:
ՖԱՎՈՐԻՏԸ «ՉԵԼՍԻ»-Ն Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ