ՍԹԱՓՎԵ՛Ք, ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի մեր աղբյուրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, «Ժողովուրդ»-ի թղթակցին ասաց, որ անցած կիրակի օրը՝ ապրիլի 14-ին, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետով Հայաստանի Հանրապետությունից հեռացել է 6400, իսկ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 17-ին՝ 2700 մարդ: Փաստորեն,  երկու օրում Հայաստանից  հեռացել է ավելի քան 9000 մարդ: Թե հետագայում նրանց քանի տոկոսը կվերադառնա Հայաստան, հայտնի չէ: Իջեւան քաղաքի մեր աղբյուրները հայտնում են, որ շաբաթ եւ կիրակի օրերին Իջեւանի քաղաքային շուկային հարակից տարածքից երկուական մեծ ավտոբուս է մեկնում Ռուսաստան: Մեկնողները գնում են ընտանիքներով, մեծ պայուսակներով, վերմակներով, տնային իրերով, կենցաղային պարագաներով: Նշենք, որ շաբաթվա մնացած օրերին եւս Ռուսաստան մեկնողներով լի  ավտոբուսներ են հատում Բագրատաշենի անցակետը:
Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակչուհին մեզ ցավով հայտնեց, որ գիշերն արթնացել է իր տան մոտ տիրող մեծ աղմուկից: Արթնացել է, տնից դուրս եկել եւ տեսել Կիրանցի ճանապարհով անցնող, Հայաստանից հեռացողներով լի ավտոշարասյուն՝ կազմված 3 մեծ ավտոբուսներից: «Ֆեյսբուք»-ի «Ազատ Տավուշ» խմբում հրապարակվել է Կոնստանտին Տեր-Նակալյանի կատարած հետեւյալ գրառումը. «Նոր ընկերներիցս մեկն ուղարկեց այս նկարները. Իջեւանում 3 ավտոբուսից ու մեկ միկրոավտոբուսից բաղկացած շարասյունը պատրաստվում է շարունակել ճանապարհը դեպի սահման: Արտագաղթում են… Նկարների հեղինակն ասում է, որ այդ օրը դեռ 4 ավտոբուս էլ տեսավ, որոնք էլի սենց շարժվում էին դեպի սահման… Ոչ այնքան սիրելի իշխանություններ, հասկացանք խիղճ չունեք, բայց մի՞թե խելք էլ չունեք, որ հասկանաք, որ սղոցում եք էն ճյուղը, որի վրա ինքներդ եք նստած»:
Հայաստանում տիրող իրավիճակը հիշեցնում է ամերիկյան հանրահայտ «Արջամկան օրը» ֆիլմը. ամեն ինչ ողբերգական ձեւով կրկնվում է: Կրկին վարչապետ դարձավ Տիգրան Սարգսյանը, թղթի վրա շարունակում է աճել երկրի տնտեսությունը, փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրից արտագաղթը շարունակվում է, իսկ իշխանությունները ոչինչ  չեն անում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս