ԵՐԳԻՉՆԵՐԸ ՄԻԱՅՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին շրջանում հայտնի ու անհայտ երաժիշտներ, երգահաններ (նրանց կոմպոզիտոր ասելը թյուրիմացություն կլինի, որովհետեւ պարզապես այստեղից ու այնտեղից «երգ են հանում», ավելի ճիշտ` թխում) ժամանակակից երեւալու համար Սայաթ-Նովային, նույնիսկ Կոմիտասին ներկայացնում են «յուրովի»:
Իհարկե, Սայաթ-Նովայից ու Կոմիտասից ոչինչ չի մնում, որովհետեւ, օրինակ, Կոմիտասի երգերում կլկլոց չեք լսի, ինչպես դա անում է Լիլիթ Հովհաննիսյանը, որը Բաթումում «Golden Talent 2011» միջազգային երաժշտական մրցույթում ակապելլա կատարեց Կոմիտասի «Էս գիշեր» երգը։ Կատարման որակի ու սխալների մասին երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը մասնավորապես ասել էր. «Երգչուհին մեղք չունի, մեղավոր են իր համար այդ ճանապարհը մշակողները»։ Ապա, անդրադառնալով սխալներին, հավելել էր. «Արաբական-պարսկական մուղամային արվեստին բնորոշ մելիզմները, կատարման այլ սխալներ առատորեն աղավաղում էին Կոմիտասի «Էս գիշեր»-ը…»։
Օրերս էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում Սիրուշոյի հայտնի տեսահոլովակին է անդրադարձել օգտատեր Արտաշես Փափազյանը. «Այս երգչուհին եւ նրա նմանները` անդրեները, հասիկոները, բոլորը, կարծում եւ սրտանց էլ հավատում են, թե իրենք ժամանակակից` 21-րդ դարի հայ էստրադային մշակույթն են կերտում: Ինչ է եղել. խոսքերը հայերեն են, գոմեշը կա, Կոմիտասի ձայնի պատառիկը հետն է, աղջկա հագուկապը ընդգծված ժամանակակից տարազի բնույթ ունի, պարող մաճկալները լրացնում, ամբողջացնում են գոմեշին… Այս ամենը միայն ձեւի հարթություններում է, իրական եւ խորքային որեւէ կերպ չի առնչվում ազգայինի բովանդակության, նրա բուն էության հետ»:
Հավելենք, որ այդ երեւույթն արտահայտվում է ոչ միայն երաժշտության մեջ, այլեւ արվեստի մնացած ճյուղերում եւ, առհասարակ, կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Դրա վառ օրինակներից մեկը նաեւ քաղաքականությունն է: Պարզապես լսե՛ք (եթե կարող եք) քաղաքական գործիչների ամպագոռգոռ, ազգային, երբեմն ազգայնական, հայրենասիրական հայտարարություններն ու բարոյական բարձր արժեքների մասին բարբաջանքը: Ճառում, բարբաջում են բարձրագույն արժեքների մասին, սակայն ապրում եւ գործում են բոլորովին այլ չափանիշներով: Եվ երբ խոսում են քաղաքականության մեջ բարոյականության մասին, հիշում եմ հայտնի բռնցքամարտիկ, նորանկախ Հայաստանի աշխարհի առաջին չեմպիոն Նշան Մունչյանի խոսքերը. «Քաղաքականությունը ոչ թե պոռնկություն է, այլ պարզապես ընկել է պոռնիկների ձեռքը»:
Վերադառնալով երաժշտությանը` մեր ասելիքն ավարտենք հույն մեծերից մեկի խոսքով. «Հռոմը գնում է կործանման, որովհետեւ երգիչները դադարել են դաստիարակելուց եւ միայն զվարճացնում են»:  

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս