Ինչո՞ւ պետք է Մանվել Գրիգորյանի թիմակիցները ծեծի ենթարկեին Յուրա Աթոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ օրերս  որպես ազատամարտիկ ներկայացած Յուրա Աթոյանը մեզ հետ զրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին:

Հրապարակել էինք նաև, որ դրանից հետո Շիրակի մարզի մի խումբ ԵԿՄ-ականներ եկան մեր խմբագրություն և խնդրեցին մեզ հրապարակել նաև իրենց պատասխանը և կարծիքը Յուրա Աթոյանի մասին` մասնավորապես նշելով, որ ազատամարտիկ ներկայացած այդ մարդը կապ չունի ազատամարտի հետ:

Հրապարակումից հետո տեղեկություն տարածվեց, որ ազատամարտիկները մեզ հետ զրույցից ժամեր հետո գնացել են և Ազատության հրապարակ և հարվածել այնտեղ գտնվող Յուրա Աթոյանին:

Տարօրինակ է այն հանգամանքը, որ ազատամարտիկները, ովքեր թերևս հարցին խաղաղ լուծում տալու համար եկան խմբագրություն և պատասխանեցին Յուրա Աթոյանին, ժամեր հետո որոշել են գնալ հրապարակ և բռնության ենթարկել վերջինիս: Եթե ասելիքն ասված էր, էլ ինչո՞ւ պետք է նրանք դիմեին բռնության մեթոդին:

Սակայն միաժամանակ առաջանում է մեկ այլ հարց` եթե Յուրա Աթոյանը ստում է` ներկայանալով որպես ազատամարտիկ, միգուցե, նա իրեն ծեծի ենթարկելու լուրերը նույնպե՞ս չափազանցված երանգներով է ներկայացնում. կամ գուցե շիրակցի ԵԿՄ-ականնե՞րը չեն հարվածել նրան:

Այս հարցերի պատասխանները մնում են օդում կախված, քանի դեռ պաշտոնապես չեն պարզաբանվել ոստիկանության կողմից:

Մնում է սպասել դեպքերի հետագա զարգացմանը:




Լրահոս