ՅԱՆՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 20-ին եւ 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ երաժիշտ, գործիքավորող Յաննիի համերգը: Համերգի ընթացքում առանձին համարով կհնչի մեր հայրենակից, ջութակահար Սամվել Երվինյանի կատարումը:
Երեկ՝ համերգից մեկ օր առաջ, Յաննին ժամանեց Երեւան ու հանդիպեց լրագրողների հետ: Հարց տալու հնարավորություն ունեին բոլոր լրագրողները, սակայն բացառիկ հարցազրույց վերցնել ու Յաննիի հետ լուսանկարվել չթույլատրվեց ոչ մեկին: Ինչ վերաբերում է համերգի տոմսերին, երեկվա դրությամբ դրամարկղում մնացել էին 12-80-հազարդրամանոց տոմսեր: Նշենք, որ տոմսերի արժեքը սկսվում է 5 հազար դրամից: Ի դեպ, ասուլիսի ընթացքում Յաննին շատ անմիջական էր, ժպտում էր լրագրողներին եւ կատակներ անում:  
Հիշեցնենք, որ սա Յաննիի երկրորդ այցն է Հայաստան: Երաժիշտը նշեց, որ շատ ուրախ է  կրկին վեադառնալու համար եւ զգում է հայերի ջերմությունն ու հյուրասիրությունը. «Անցած անգամ շատ լավ ժամանակ անցկացրի եւ խոստացա, որ կվերադառնամ, այսօր կրկին այստեղ եմ: Մշակույթն այստեղ այնքան տաք է, երբ ոտքս դրեցի ձեր հողի վրա, ինձ տանը զգացի»: Յաննին խոսեց նաեւ հայ հանդիսատեսի մասին՝ նշելով, որ իր նախորդ համերգից շատ տպավորված է, շատ է պատմել ծանոթներին, հարազատներին, եւ այդ պատճառով էլ այս անգամ իր հետ Երեւան է ժամանել նաեւ քույրը:
Յաննիի երաժշտության մեջ տարբեր մշակույթների տարրեր կան: Ինչպես նշեց արվեստագետը, ինքը բաց է, երաժշտությանը նայում է որպես ինչ-որ լուծույթի, որում ոչ մի օրենք, կանոն չկա. «Պատրաստ եմ օգտագործել ցանկացած տիպի գործիք, եթե այն արտահայտի մարդու էմոցիաները»:
Յաննին նաեւ հավելեց, որ հայկական դուդուկից հնչող երաժշտությունը համարում է զգացմունքային, այդ իսկ պատճառով իր ստեղծագործություններից մեկում այն օգտագործել է:
Իսկ ինչ վերաբերում է իր նվագախմբի կազմին, եասաց, որ փնտրել է լավագույն երաժիշտներին, եւ արդյունքը եղել է այն, որ այժմ աշխատում է տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Յաննին նաեւ առանձնահատուկ խոսեց ջութակահար Սամվել Երվինյանի մասին. «Ես փնտրում էի աշխարհի լավագույն ջութակահարին, գտա Սամվելին ու հասկացա, որ դա հենց նա է: Սամվելն իմ հայ եղբայրն է»:
Յաննին նաեւ խոստովանեց, որ հայերեն մի քանի բառ է սովորել, որոնք համերգի ընթացքում կասի: Անդրադառնալով համերգին սպասվող անակնկալներին` երաժիշտը նշեց. «Իհարկե, անակնկալներ լինելու են, բայց եթե խոսենք դրանց մասին, այլեւս անակնկալ չի լինի»:

Ե. Ռ.




Լրահոս